Մոտեցի՛ր սիրո իրական Աղբյուրին...
Սիրել և սիրված լինել...ահա՛ յուրաքանչյուր մարդու կարիքը: Ցանկացած մարդ կարիք ունի սիրելու և միևնույն ժամանակ իրեն սիրված զգալու: Սիրելը և սիրված լինելը լրացնում են մեկը մյուսին՝ մարդուն երջանիկ դարձնելու համար։ Եթե դրանցից որևէ մեկը բացակայում է, ուրեմն՝ ինչ-որ բան արդեն թերի է:
Ամեն մեկս հստակ կարող ենք իմանալ, որ սիրված ենք մեր երկնային Հոր կողմից: Եթե անգամ մարդիկ չկարողանան լրացնել քո սիրված լինելու կարիքը, իմացիր, որ Աստված սիրում է քեզ անսահման սիրով, Նրա սերը քո նկատմամբ երբեք վերջ չունի, հենց Նա է սերը:
«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ, և ուղարկեց Իր Որդուն քավություն մեր մեղքերի համար: Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք» /Ա Հովհ. 4.10-11/։
Աստված մեզ սիրեց դեռ Իրեն չսիրած, ուրեմն՝ եկե՛ք վերցնենք ամենակատարյալ սիրո օրինակը և սկսենք սիրել մեր դիմացինին՝ առանց նրանից որևէ բան ակնկալելու: Սկսի՛ր սեր տալ մարդկանց՝ քո կողակցին, երեխաներիդ, հարազատներիդ, ընկերներիդ, շատ ավելին, քան առաջ էր, փորձիր լցնել նրանց օրը ջերմությամբ ու ժպիտով:
Գուցե զգում ես, որ ունես սիրո պակաս, գուցե չես կարողանում սիրել...սկսի՛ր աղոթել, մոտեցի՛ր սիրո իրական Աղբյուրին՝ Աստծուն, որովհետև Նա միակն է, Ով կարող է քեզ լցնել սիրով:
Գիտե՞ս՝ Աստծո տված սերը երբեք չի վերջանում, այն իր մեջ բազում յուրահատկություններ ունի, որովհետև գալիս է իրական աղբյուրից: Ուրեմն՝ եթե սիրելու և սիրված լինելու կարիք ունես, այլ բաների մեջ մի՛ փնտրիր այն․ քո կարիքը կարող է լրացնել միայն Աստված, եթե դիմես Նրան:
Վստահ եմ՝ Նա կլցնի քեզ անսահման սիրով և կտարածի այդ սերը քեզ շրջապատող անձանց սրտերում:
Քրիստինե Աթոյան