Մի՛ վատնիր քո սպասման ժամանակը
Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ հեղինակը կոչ էր անում ընթերցողին «լավ սպասել» ուղղակի սպասելու փոխարեն: Այդ խոսքը մխրճվեց իմ մտքում:
Ամեն անգամ, երբ ես սպասում եմ, թե Աստված երբ կպատասխանի իմ աղոթքին, սկսում եմ մտածել՝ արդյո՞ք լավ եմ սպասում, թե՝ ոչ: Արդյո՞ք սպասում եմ անհանգստությամբ, վախով, կասկածներով: Նմանատիպ զգացողություններով սպասելը ճիշտ հակառակն է այն բանի, որը Տերն ակնկալում է մեզնից:
Իսկ ինչպե՞ս «լավ սպասել»: Հակոբոս 1.6-ը մեզ ասում է խնդրել հավատքով: Երբ մենք բարձրացնում ենք մեր աղոթքն առ Աստծուն, պետք է ամուր կանգնենք մեր խնդրվածքի համար՝ իմանալով, որ եթե խնդրում ենք Իր կամքի համեմատ, Նա անպայման կկատարի:
Ես հասկացա, որ պետք է իմ սպասման մեջ պատվեմ ու փառաբանեմ Աստծուն: Ես այնքան էի կենտրոնացել իմ չունեցած բաները վրա, որ չէի նկատում այն բոլոր բաները, որով Աստված արդեն օրհնել է ինձ: Փոխարենն իմ օրհնությունները ծառայության մեջ օգտագործելու՝ ես անընդհատ հուսալքվում էի՝ մտատանջվելով, թե երբ կհասունանա իմ ժամանակը: Երբ սկսեցի ինձ ներքաշել դրական ու բարի գործերի մեջ, նկատեցի, թե ինչպես է իմ մեջ անհանգստությունը կորչում:
Եվ այսպես․ դո՞ւ ինչին ես սպասում այսօր՝ նոր աշխատա՞նք, կողակի՞ց, երեխա՞, բժշկությո՞ւն կամ մեկ այլ բա՞ն, որ հիմա եկավ քո մտքին, մինչ դու կարդում ես այս տողերը: Ես ուզում եմ, որ հիմա դու քաջալերվես: Թո՛ղ քո հոգին նորոգվի:
«Սպասի՛ր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը» /Սաղմոս 27.14/:
Եվ վերջապես, ես ուզում եմ հորդորել քեզ, որ այսօր զանգես կամ գրես ինչ-որ մեկին և ասես, որ գնահատում ես իրեն և ինչո՞ւ: Հիմա, երբ ամբողջ աշխարհում ծանր վիճակ է տիրում, օգտվիր առիթից և բարձրացրու մեկ ուրիշին: Ու նաև օգնի՛ր նրան, որ «լավ սպասի»: Քաջ եղի՛ր:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ theprayingwoman.com