Դու չես կարող ինչ-որ բան պարզապես լսելով իմաստուն դառնալ. դու պետք է հիշե՛ս դա, որպեսզի այն ծիլ տա քո կյանքում: Եվ պետք է ոչ միայն պարզապես հիշել դրանք, այլ անընդհատ զարգացնել: Որովհետև եթե չես մտապահում ու զարգացնում, ստիպված ես լինելու անընդհատ նույն դասը սովորել:

Աստվածաշունչն ասում է իմաստության մասին Առակաց 22.17–18-ում. «Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։ Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ»:

Ուշադրություն դարձրո՛ւ այս նախադասության չորս բայերին՝ լսել, ուսումնասիրել, հիշել, մեջբերել: Սրանք իմաստության նշաններ են։ Մարդիկ ասում են. «Ես ոչինչ չեմ հիշում»: Ես վստահեցնում եմ քեզ, որ դու կարող ես: Դու հիշում ես այն, ինչը քեզ համար կարևոր է: Դու հիշում ես այն, ինչը սիրում ես: Օրինակ՝ կարող ես ասել. «Ես չեմ կարող անգիր անել Աստվածաշունչը»։ Բայց դու կարողանում ես մտապահել բեյսբոլի կամ ֆուտբոլի արդյունքները նախորդ մրցաշրջանից: Դու կարող ես մեջբերել հայտնի երգերի բառերը կամ սիրելի բաղադրատոմսից յուրաքանչյուր քայլ: Դու հիշում ես այն, ինչը կարևոր է քեզ համար:

Աստվածաշունչն ասում է. «Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։ Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն» (Առակաց 4.20-22):

Երբ դու ջերմեռանդորեն զարգացնում ես Աստծո Խոսքը և ունես հատուկ սեր Նրա նկատմամբ, ճշմարտությունը քեզ համար կդառնա կարևոր: Դու կհիշես այն, կկրկնես այն, կզարգացնես և կվերանայես այն: Այնուհետև Այն կփոխի քո կյանքը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.