Միայն Աստծո ժողովուրդն է հավիտենական
Աստվածաշունչն Եփեսացիս 3.21-ում ասում է. «Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»:
Գիտեի՞ք, որ Աստծո ընտանիքը միակն է, որ հավիտենական է լինելու: Ըստ Աստվածաշնչի՝ անգամ մեր այսօրվա իմացած երկինքն ու երկիրը հավերժ չեն լինելու։ Մի օր նոր երկինք և նոր երկիր է լինելու:
Եթե Աստծո ընտանիքը միակն է, որ հավիտենական է լինելու, ապա չէի՞ր ցանկանա միանալ նրան: Աստծո ընտանիքի՝ եկեղեցու մի մասնիկը լինելը մեծ օրհնություններ ունի: Եկեղեցին գնահատում է քեզ և օգնում աճել աստվածաշնչյան ճշմարտության ու գիտելիքի մեջ: Դա մի վայր է, որտեղ դու կարող ես օգտագործել քո տաղանդները և օգտվել ուրիշների կարողություններից: Հոգևոր ընտանիքին միանալը կլինի քո կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը:
Ինչի՞ն ես սպասում։ Պատրա՞ստ ես միանալ Աստծո մեծ ընտանիքին:
Անկախ նրանից, թե ինչ ես արել կամ որտեղ եղել՝ Աստծո հավիտենական ընտանիքում կա մի տեղ, որը պատրաստված է եղել հենց քեզ համար և քեզ քո տեղում սպասում են: Հրավերն ուղարկված է։ Պարզապես հավատա՛ և ընդունի՛ր:
Ահա՛ մի աղոթք, որով կարող ես սկսել.
«Սիրելի՛ Աստված, ես գիտեմ, որ երբ մեռնեմ, ես իմ ապրած կյանքի համար հաշիվ եմ տալու Քեզ: Ես գիտեմ, որ մեղանչել եմ Քո առաջ և ապրել իմ կամքով ու ծրագրով: Ես ուզում եմ, որ այդ ամենը փոխվի հենց այս պահից: Ես ուզում եմ հեռանալ իմ մեղքերից ու գալ դեպի Քեզ։ Շնորհակալ եմ, որ ուղարկեցիր Հիսուսին մահանալու այն ամենի համար, ինչ ես արել եմ: Ես գիտեմ, որ արժանի չեմ Քո ներմանը: Ես գիտեմ, որ միայն Քո շնորհը կարող է փրկել ինձ, Տե՛ր։
Հիսո՛ւս, շնորհակալ եմ, որ ինձ այնքան սիրեցիր, որ իմ ողջ մեղքը վերցրիր Քեզ վրա: Դու ինձ ընդունելի դարձրիր դրախտի համար, և ես խոնարհաբար խնդրում եմ Քեզ փրկել ինձ: Ես հավատում եմ Քեզ, Հիսու՛ս: Եվ ես հավատում եմ, որ Դու կպահես Քո խոստումը՝ ինձ փրկելու և հավիտենական կյանք տալու: Ես հավատում եմ, որ դու ինձ կդարձնես Քո ընտանիքի՝ եկեղեցու մի մասը: Հիսուսի անունով։ Ամեն»։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com