Ինչպե՞ս սիրել Աստծո նման
Ամեն անգամ, երբ ցուցաբերում եք աստվածային որևէ հատկանիշ, դրանով իսկ փառաբանում եք Աստծուն, իսկ Նա սեր է: Այսպիսով, երբ դուք սեր եք ցուցաբերում, դուք դրանով փառավորում եք Աստծուն:
Աստված ասում է. «Ես սիրող ու կարեկցող եմ։ Ես ուզում եմ, որ դուք ինձ նմանող լինեք: Ես ուզում եմ, որ դուք ձեր մեջ զարգացնեք Իմ բնավորության գծերը»:
Աստված ուզում է, որ դուք աստվածապաշտ լինեք և զարգացնեք Նրա բնավորությունները ձեր մեջ: Նա ցանկանում է, որ դուք սովորեք սիրել մարդկանց ճիչտ այնպես, ինչպես Նա է սիրում մարդկանց:
Աստծո պես սիրելու շատ եղանակներ կան: Այլոց սիրելու ձևերից մեկը նրանց իրենց տեսակով ընդունելն է:
Հռոմեացիներ 15.7-ում ասվում է. «Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար»:
Աստված ցանկանում է, որ դուք ընդունեք բոլորին՝ անկախ ամեն ինչից: Բայց սա չի նշանակում ընդունել, հանդուրժել կամ ճիշտ համարել այն ամենը, ինչ նրանք անում են: Բնականաբար ո՛չ։
Ընդունման և համամիտ լինելու միջև մեծ տարբերություն կա: Թեև Աստված սիրում և ընդունում է մեզ անվերապահորեն, այնուամենայնիվ, Նա հավանություն չի տալիս այն ամենին, ինչ մենք անում ենք: Նույնը պետք է լինի նաև ձեզ համար: Դուք կարող եք ընդունել բոլորին՝ առանց հավանություն տալու նրանց գործելաոճին:
Սիրել չի նշանակում՝ «Ես հավանություն եմ տալիս այն ամենին, ինչ դու անում ես»: Սիրել նշանակում է՝ «Ես ընդունում եմ քեզ՝ չնայած այն ամենին, ինչ դու անում ես»:
Յուրաքանչյուր մարդու, ում կհանդիպեք այսօր, սեր ցուցաբերե՛ք ճիշտ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ անվերապահորեն ընդունելով։ Օգտվե՛ք Աստծուն փառավորելու այդ հնարավորությունից:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com