Ի՞նչ է Հելոուինը և պե՞տք է արդյոք այն տոնեն քրիստոնյաները
Ի՞նչ է ասում Աստվածաշունչն այս մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հելոուինը: Աստվածաշնչում կա՞ որևէ ակնարկ այն մասին, թե արդյոք քրիստոնյան պետք է տոնի Հելոուինը, թե՝ ոչ:
Նախ՝ հասկանանք, որ Հելոուինի տոնումը հիմնականում արևմտյան սովորույթ է, և այն Աստվածաշնչում ուղղակի հիշատակում չունի: Այնուամենայնիվ, կան որոշ աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք վերագրվում են Հելոուինի տոնակատարությանը: Լավագույն միջոցը պարզելու, թե ինչպե՞ս է Հելոուինը առնչվում Աստվածաշնչին, Հելոուինի իմաստին և դրա պատմությանը նայելն է:
Հելոուինը հաջորդում է «Բոլոր սուրբերի օր» տոնակատարությանը: Այն նշվում է հոկտեմբերի 31-ին: Հելոուինի տոնակատարությունը առաջացել է հնագույն կելտական բերքահավաքի փառատոններից: Այն կելտական ամանորյա տոնակատարությունն էր, որը կոչվում էր Սամհայն, որը տեղի էր ունենում նոյեմբերի 1-ին: Կելտական դրուիդները այն համարում էին տարվա ամենամեծ տոնը և ընդունում, որ այդ օրը մահացածների հոգիները, ենթադրաբար, կարող էին խառնվել ողջերի հոգիների հետ: Խարույկները հանդիսանում էին այս տոնի ամենակարևոր դետալներից:
Այս տոնը մնաց հայտնի մինչև սուրբ Պատրիկը: Քանի որ բնակչությունը սկսեց ընդունել քրիստոնեությունը, տոնը սկսեց կորցնել իր ժողովրդականությունը: Այնուամենայնիվ, հեթանոսական սովորույթներն արմատախիլ անելու փոխարեն, ինչպիսիք են «Հելոուինը» կամ «Սամհայնը», եկեղեցին օգտագործեց այս տոները քրիստոնեական շրջադարձով՝ հեթանոսությունն ու քրիստոնեությունը միավորելով՝ հեշտացնելով տեղական բնակչության համար պետական կրոն ընդունելը:
Այս տոնի մեկ այլ ավանդույթ է այն դրուիդական համոզմունքը, որ նոյեմբերի 1-ի գիշերը դևերը, վհուկները և չար ոգիները ուրախությամբ շրջում էին երկրի վրա՝ ողջունելու «իրենց սեզոնի» գալուստը՝ երկար ձմեռային գիշերները։ Այդ գիշեր դևերը զվարճանում էին խեղճ մահկանացուների հետ՝ վախեցնելով, վնասելով և նույնիսկ ամեն տեսակ ստոր հնարքներ անելով։ Եվ վախեցած մարդկանց համար դևերի հալածանքից խուսափելու միակ միջոցը նրանց շքեղ ուտելիքներ և քաղցրավենիք նվիրելն էր։ Կամ այս սարսափելի արարածների կատաղությունից խուսափելու համար մարդը կարող էր քողարկվել որպես նրանցից մեկը և միանալ նրանց շրջագայությանը: Այդպես նրանք կճանաչեին մարդուն որպես դև կամ կախարդ, և այդ գիշեր այդ մարդուն չէին անհանգստացնի։
Արդյո՞ք քրիստոնյաները պետք է տոնեն Հելոուինը
Որպես տրամաբանորեն մտածող մարդ՝ մի պահ մտածեք, թե ինչու՞ եք տոնում և ինչի՞ մասին է Հելոուինը: Արդյո՞ք տոնը դրականապես ոգևորում է: Արդյո՞ք այն տոնելը գովելի է Աստծո կողմանե:Փիլիպպեցիս 4.8-ում ասվում է. «Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք»։
Արդյո՞ք Հելոուինը հիմնված է աստվածային թեմաների վրա, ինչպիսիք են խաղաղության, ազատության և փրկության գաղափարը, թե՞ տոնը բերում է վախի, ճնշվածության և ստրկության զգացում:
Բացի այդ Աստվածաշունչը թույլատրո՞ւմ է կախարդությունը և կախարդներին։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ այդ սովորությունները պիղծ են Տիրոջ համար: Աստվածաշունչը Ղևտացոց 20.27-ում ասում է «Այր կամ կնիկ, որ վհուկ կամ հմայող լինի, անպատճառ պիտի մեռցնուի. Քարերով նորանց քարկոծեն. Նորանց արիւնը իրանց վերայ լինի»։ Երկրորդ Օրինաց 18.9-13-ում ավելացվում է. «Երբ մտնես այն երկիրը, որը քո Տեր Աստվածը տալիս է քեզ, չհետևես այլ ազգերի գարշելի սովորություններին։ Ձեր մեջ չգտնվի կախարդություն անող, կամ գուշակ, կամ նախանշաններ մեկնաբանող, կամ կախարդ, կամ հմայող, կամ ոգեհարց, կամ մեռելներին կանչող: Որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, պիղծ են Տիրոջ առաջ»։
Սխա՞լ է նշել Հելոուինը
Եկե՛ք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եփեսացիս 5.11-ում, «Եւ մասնակից մի լինիք խաւարի անպտուղ գործերին. այլ մանաւանդ յանդիմանեցէք»: Այս տեքստը կոչ է անում մեզ ոչ միայն կապ չունենալ որևէ տեսակի մութ գործերի հետ, այլ նաև այս թեմայի հետ կապված լույս սփռել մեզ շրջապատող աշխարհում: Հելոուինը եկեղեցու կողմից չբացահայտվեց այնպիսին, ինչպիսին որ կար, այլ ցավոք ներառվեց եկեղեցու սուրբ օրերի մեջ:
Երբ մտածում եք Հելոուինի՝ նրա ծագման և դրա խորհրդանշման մասին, հիշե՛ք, որ Աստված մարդկությանը կոչ է անում հետևել Իրեն և «Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը» (Բ Կորնթացիս 6.17):
Թարգմանեց Անի Նիկողոսյան
Աղբյուրը՝ bibleinfo.com