«Պայքար մարդկանց հոգիների համար». Երկու հովիվներ աղոթքով և Ավետարանով պայքարում են Չիկագոյի հրազենային բռնության դեմ
Վերջին 20 տարիների ընթացքում Չիկագոն անդադար բախվում է բռնության ալիքների, գրում է cbn.com-ը։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ 2001-2020 թթ. ընթացքում Վինդի քաղաքում ավելի շատ մարդ է զոհվել, քան՝ Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների արդյունքում:
Քաղաքի հոգևոր առաջնորդները միաբանվել են` հույս ունենալով փոխել այդ վիճակագրությունը: Նրանց զենքը Ավետարանն է:
Հովիվ Դիմաս Սալաբերիոսը Նյու Յորքից է՝ նախկինում թմրանյութերի վաճառող, ով անձամբ առնչություն է ունեցել հրազենային բռնության իրականության հետ: Բռնությունը դադարեցնելու համար քառասուն օր ծոմ պահելուց հետո նա հետամուտ է լինում մի վավերագրական ֆիլմի նկարահանման՝ «Չիկագո. Ամերիկայի ծածուկ պատերազմ» վերնագրով:
«Ես վստահ եմ, որ Չիկագոյում կա դիվային ներկայություն։ Ես դա զգում եմ, երբ աղոթում եմ և շփվում եմ մարդկանց հետ փողոցներում», -բացատրեց Սալաբերիոսը:
Հովիվ Քորի Բրուքսը, ով Չիկագոյում ղեկավարում է «Project Hood» կոչվող ծառայությունը, համաձայն է Սալաբերիոսի հետ:
«Չիկագոյում իրական հոգևոր պայքար է ընթանում մարդկանց կյանքի և հոգիների համար։ Կարծես ամբողջ քաղաքը լցված լինի սպանության ոգով: Դրանց մեծ մասը կապված է հանցավոր խմբավորումների հետ»,-ասաց Բրուքսը:
Ցավոք բազմաթիվ զոհերի թվում շատ երեխաներ կան:
«Մենք ընդամենը տարվա կեսն ենք դեռ բոլորել, բայց արդեն հարյուրից ավելի երեխաներ են գնդակահարվել», -ասաց Սալաբերիոսը:
«Մենք ունենք շատ ծնողներ, ովքեր չեն թույլատրում իրենց երեխաներին դուրս գալ բակ և խաղալ», -ասում է Բրուքսը:
Մահացու բռնություններն անգամ դառնալի ազդեցություն են թողել քաղաքի տնտեսության վրա:
Սալաբերիոսի վավերագրական ֆիլմը, որն այս տարվա սկզբին անվանակարգված էր «Օսկար» մրցանակաբաշխությանը, ցույց է տալիս, թե ինչպես է եկեղեցին պայքարում խավարի դեմ՝ աղոթքի և ավետարանչության միջոցով:
Իր այս ծառայության միջոցով Բրուքսը անմիջականորեն դիմում է ավազակախմբի անդամներին:
Սալաբերիոսն ասաց, որ հենց նմանատիպ ջանքեր են արվել այն ժամանակ, որի արդյունքում նա փրկվել է հանցագործ կյանքի ճիրաններից:
«Երեք քրիստոնյա կանայք էին, որ օգնության հասան ինձ, երբ ես փողոցային հեղինակավոր անձ էի՝ թմրանյութերի խոշորագույն առևտրականներից մեկը: Նրանք ասացին. «Կարո՞ղ ենք աղոթել քեզ համար։ Ես չգիտեի, թե ինչ է դա: Երբ նրանք իրենց ձեռքերը դրեցին ինձ վրա, Աստծո զորությունը ինձ տապալեց գետնին, դևեր էին դուրս գալիս իմ միջից: Նրանք սկսեցին աղոթել Հիսուսի անունով: Ես զգացի, որ խաղաղությունը տիրեց ինձ վրա, և ես դադարեցի ապրել բռնության փողոցային կյանքով»:
Բրուքսը կարծում է, որ նույն ուժն ու խաղաղությունը այժմ կարող են փոփոխություն մտցնել Չիկագոյում:
Նա ավելացրեց. «Թշնամին ցանկանալու է սպանել, գողանալ և ոչնչացնել մեր համայնքի մարդկանց, և մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կարողանանք հետ մղել խավարը, հետ մղել չարիքը: Եվ այն, ինչ անում ենք, դա ցույց է տալիս Քրիստոսի սերը գործնական կերպով»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը