Ինչ-որ մեկին ժամանակ հատկացնելն ամենամեծ նվերն է, որ կարող եք տալ, քանի որ դուք օգտագործում եք ձեր ժամանակը դա անելու համար:

Երբ դուք ձեր ուշադրությունը և կենտրոնացումը ուղղում եք նրան, դա ստիպում է այդ անձին յուրահատուկ զգալ, դա ստիպում է նրան զգալ, որ դուք հոգ եք տանում նրա մասին և հետաքրքրված եք նրա ասելիքով:

Նույնը դուք կարող եք անել Աստծո հետ. կարող եք շրջվել դեպի Նա՝ աղոթքով: Պարզապես նայե՛ք վերև: Ցույց տվե՛ք Նրան, որ ցանկանում եք ու պատրաստ եք խոսել Նրա հետ: Աստվածաշնչում չկա որևէ բան, որը հստակորեն ասում է, որ պետք է փակել աչքերը աղոթելու համար: Ես, օրինակ, սիրում եմ Աստծուն բարձրաձայն աղոթել և նայել վերև։ Ես այդ կերպ կենտրոնացնում եմ իմ ուշադրությունը:

Դանիելն էլ այդպես էր անում, երբ ուներ Աստծո օգնության և իմաստության կարիքը։ «Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով» (Դանիել 9.3)։ Աստծուն՝ Նրա Խոսքի միջոցով լսելուց հետո, աղոթքը երկրորդ քայլն է Նրան փնտրելիս:

Աստված Աստվածաշնչում բազմաթիվ խոստումներ է տալիս իրեն փնտրողներին:

«Ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք» (Ամովս 5.4): Երբ դուք համառորեն փնտրում եք Աստծուն, դուք սկսում եք սովորել՝ ինչպես ապրել իրականում:

«Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ» (Առակներ 8.17): Եթե դժվարանում եք գտնել Աստծուն, համոզվե՛ք, որ Նրան փնտրում եք ճիշտ շարժառիթով՝ ցանկանալով ճանաչել Նրան և ոչ թե պարզապես ինչ-որ բան ստանալ Նրանից:

«Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը» (Երեմիա 29.13): Դուք կգտնեք Աստծուն, երբ իսկապես ցանկանաք ճանաչել Նրան:

«Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11.6):

«Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ» (Ղուկաս 12.31):

Երբ առաջնահերթ փնտրում եք Աստծո երեսը, պետք չէ անհանգստանալ այն բոլոր բաների համար, որոնց վրա պետք է կենտրոնացնեք ձեր ուշադրությունը ըստ աշխարհի: Դիմե՛ք Նրան և ցույց տվե՛ք, որ ցանկանում եք Նրան տալ առաջին տեղը ձեր կյանքում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.