Աստված երբեք չի՛ շտապում
Համբերատար եղե՛ք Աստծո և ինքներդ ձեր նկատմամբ:
Աստծո ժամանակացույցը հազվադեպ է համընկնում ձերինի հետ: Դուք հաճախ շտապում եք, բայց Աստված՝ ոչ: Դա կարող է հուսախաբ անել, երբ թվում է, որ ձեր առաջընթացը դանդաղում է:
Բայց հիշե՛ք սա. Աստված երբեք չի շտապում. Նա միշտ ժամանակին է գործում: Նա կօգտագործի ձեր կյանքի ողջ ընթացքը ՝ նախապատրաստելու ձեզ հավերժության ձեր դերին:
Աստվածաշունչը լցված է օրինակներով, թե ինչպես է Աստված երկար գործընթացով բնավորություն կերտում, հատկապես՝ առաջնորդների մեջ: Մովսեսին պատրաստելու համար պահանջվեց 80 տարի, այդ թվում՝ 40–ը անապատում: Այդ 14,600 անապատային օրերի ընթացքում Մովսեսը շարունակում էր սպասել և մտածել. «Ժամանա՞կն է»: Բայց Աստված անընդհատ ասում էր․«Դեռ ո՛չ»:
Մեր հոգիները զորանում են պայքարների, փոթորիկների և տառապանքների միջոցով: Համբերատար եղե՛ք այս գործընթացի ժամանակ: Հակոբոսը խորհուրդ է մեզ տալիս. «Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք»(Հակոբոս 1.4):
Մի՛ հուսահատվեք։ Երբ Ամբակումն ընկճվեց, քանզի կարծում էր, որ Աստված դանդաղում է, Աստված նրան ասաց. «Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. Եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնա» (Ամբակում 2.3):
Հիշե՛ք ոչ միայն այն, թե որքան հեռու եք հասել, այլ նաև, թե որքան հեռու պետք է գնաք: Դուք այնտեղ չեք, որտեղ ցանկանում եք լինել, բայց ոչ էլ այնտեղ, որտեղ նախկինում եք եղել:
Աստված դեռ չի ավարտել քո կյանքի գործը: Համբերատար եղի՛ր Նրա և ինքդ քո նկատմամբ: Եվ շարունակի՛ր առաջ շարժվել: Նույնիսկ խխունջը համառությամբ հասավ տապան:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com