Հավատքն Աստծուց նախապես գոհանալն է
Հավատքը պարզապես հավատալը չէ, որ Աստված կարող է ինչ-որ բան անել: Հավատքը միայն հույս ունենալը չէ, որ Նա ինչ-որ բան կանի: Հավատքը Աստծուն նախապես շնորհակալություն հայտնելն է:
Հիսուսն ասաց. «Սորա համար ասում եմ ձեզ թէ Ամեն ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կառնէք, եւ կլինի ձեզ» (Մարկոս 11.24):
Դուք գուցե ասեք. «Մեկ րոպե: Ես պետք է նախօրո՞ք շնորհակալություն հայտնեմ Աստծուն, մինչ ինչ–որ բան կստանամ»: Բնական է Աստծուց շնորհակալություն հայտնելը՝ ինչ–որ բան ստանալուց հետո։ Դա երախտագիտությունն է: Իսկ երբ նախապես եք շնորհակալություն հայտնում Նրան, դա արդեն հավատքն է:
Երախտագիտությունը լավ է և ճիշտ: Բայց ձեր նպատակը պետք է լինի ավելի մեծ և ամուր հավատքի մարդ դառնալը: Դա անելու համար պետք է ամեն բանից առաջ նախապես շնորհակալություն հայտնել Աստծուն:
Հավատքը նախապես շնորհակալություն է հայտնում Աստծուն։ Հավատալով, որ այն, ինչ Աստված խոստացել է` կտա էլ: Դա ասում է, որ դուք սիրում եք Աստծուն այնպիսին, ինչպիսին Նա կա: Դա ցույց է տալիս, որ վստահում եք նրան, ինչ էլ որ Նա անի:
Երբ երկու կույրերը հետևեցին Հիսուսին դեպի այն տունը, որտեղ Նա էր բնակվում, նրանք աղաղակեցին Նրա հետևից, որպեսզի Նա գթա նրանց։ Հիսուսը նրանց հարցրեց, թե հավատո՞ւմ են, որ Նա կարող է բուժել նրանց: Նրանք պատասխանեցին, որ հավատում են, իսկ Հիսուսը գործեց. «Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ» (Մատթեոս 9.29):
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com