Հավատքի լեզուն. Արտակ Մկրտչյան
Հավատքի կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Նայելով Աբրահամի կյանքին, ով Աստվածաշնչում հայտնի է որպես Հավատքի հայր` տեսնում ենք նրա կանչվածության ճանապարհը որոշակի սխալներով, վրիպումներով, պատիժներով, ինչ-որ տեղ կասկածամտությամբ ու անհավատությամբ: Այսպիսին է հավատքի կյանքը բոլորի համար: Բայց գալիս է ժամանակը, երբ Աստված սկսում է Իր խոստումներն իրագործել մեր կյանքում:
Միշտ էլ ավելի հեշտ է ունենալը, քան՝ պահելը, ավելի հեշտ է ունենալը, քան՝ գործածելը: Նույնպես շատ հոգևոր մարդիկ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ Աստծուց վերցնում են պարգևներ, ծառայություններ, տեսիլքներ իրենց հոգևոր կյանքի համար, բայց երբ հասնում է դրանք գործածելու ժամանակը, առաջանում են խնդիրներ:
Եվ ես ուզում եմ խոսել հավատքի լեզվի մասին, քանի որ հավատքը նույնպես ունի խոսելաձև, գործելաոճ, իր հետ վարվելու հատուկ կերպ: Հավատքը մեր մեջ գալիս է առաջին հերթին մեզ զորացնելու և հետո նաև մեզ գործադրելու Իր կամքի համեմատ: Աստծո խոսքն ասում է, որ հավատքը լսելուց է, լսելը՝ Աստծո խոսքից (Հռոմեացիս 10.17): Հավատքը չի կարող առաջանալ մի տեղ, ուր Աստծո Խոսքը չկա, քանի որ միայն Աստծո Խոսքն է ծնում ճշմարիտ հավատքը, որը մեր մեջ գալով՝ փոփոխություններ է կատարում մեր ներսում:
Երբ Աստված Աբրահամին որդի տվեց, եկավ մի ժամանակ, երբ Նա փորձեց նրան: Նույնպիսի փորձություններ Աստված մեր կյանքում էլ է թույլ տալիս, որ երևա մեր սրտի վիճակը: Աբրահամը հոժարությամբ համաձայնվում է և ասում իր ծառաներին. «Դուք այս էշի հետ այստեղ մնացեք, ես և տղան մինչև այնտեղ կգնանք և պաշտամունք կմատուցանենք, և ձեզ մոտ կվերադառնանք»: Այստեղ տեսնում ենք Աբրահամի մոտեցումը, նրա հավատքի վկայությունը, որ տղայի հետ պետք է վերադառնա:
Երբ մենք անմեղադրելի ենք ապրում Աստծո առաջ, մենք գիտենք, որ ինչ էլ պատահի, Աստված է մեր կյանքի օրհնված լինելու պատասխանատուն: Աբրահամը հավատում էր Աստծուն, նա ճանաչում էր Աստծո ձայնը, բայց նաև հավատում էր, որ Իսահակն Աստծո խոստումն էր իրեն, ու եթե անգամ Աստված նրան վերցնի, միևնույն է, կվերադարձնի (Եբր. 11.19):
ԱՄՆ, Լոս Անջելեի «Shadow hills» եկեղեցու ավագ հովիվ Արտակ Մկրտչյան
Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը` https://www.facebook.com/coacshadowhills/videos/482470352956664