Մի քանի օր առաջ երեկոյան դրսում հանդիպեցի հարևանուհուս, ով զբոսնում էր փոքրիկի հետ: Մի փոքր զրուցելուց հետո զգացի, որ շատ մտահոգ է...Պարզվեց` առավոտյան երեխայի «Ատամհատիկն» է եղել: Հետաքրքիր է, չէ՞. ուրախ առիթ են նշել, բայց ուրախության փոխարեն նրա աչքերում միայն վախ էր ու անհանգստություն:

Պատճառը գիտե՞ք` որն էր:  9 ամսական տղան վերցրել էր «զինվորական» գրությամբ թղթիկը...Այնքա~ն էր մտահոգվել, կարծես տղան տարիներ հետո իսկապես պետք է զինվորական դառնա, և դա էլ քիչ է, նրա հետ անպայման մի վատ բան կլինի...ու այդ աղջիկն ամբողջ օրը վախով ու վատ մտքերով էր անցկացրել: Երկար զրուցեցինք միասին, ու հարևանուհիս հանգստացավ, ուրախ տուն գնաց՝ շնորհակալություն հայտնելով, որ ինչ լավ էր` հետը խոսեցի:

Սիրելինե'ր, չգիտեմ էլ` քանի մայր է այսպես անհանգստանում այս «տոնակատարություն» ասվածից, որը մեր քրիստոնյա  ազգը մեծ շուքով տոնում է` ոչ մի դետալ բաց չթողնելով, բայց եկեք չբերենք Աստծո բարկությունը մեզ վրա, ուշադիր լինենք` ի՞նչ ենք տոնում և ինչո՞ւ, ու չուրախացնենք հակառակորդին՝ նրան թույլ տալով վախեցնել մեզ:

Գուցե կասեք` ոչ մի վատ բան չկա ատամհատիկի մեջ, այո', երեխայի կյանքում կարևոր իրադարձություն է. առաջին ատամիկն է հանել: Արտաքինից ուրախ տոն է թվում, գուցե խաղ, հարազատներով հավաքվելու ևս մեկ առիթ կամ ուրախանալու երեխայի հաջողությամբ, բայց եկեք ուշադիր լինենք.արդյոք դրա հիմքը գուշակությունը չէ՞...իսկ քրիստոնյա ազգը ինչո՞ւ է գուշակություն անում...Եթե անգամ այդքան կարևոր իրադարձություն է, կարելի տոնել առանց ավելորդ սնահավատությունների...Այդպես դուռ եք բացում հակառակորդի առաջ՝ թույլ տալով վախը, կասկածը  բերել ձեր կյանք:

Միակ Անձը, Ով գիտի մեր երեխայի ապագան, մեր Տերն է: Եկե'ք Նրան հանձնենք ու վստահենք մեր բալիկների ապագան՝ առանց վախերի, որովհետև Նա՝ Ամենակարողը,այնտեղ է, նրանց հետ ու լավագույնն ունի փոքրիկների համար:

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.