ԵՐԵԽԱՅԻ ծնունդով օրը կարճանում է, գիշերը՝ երկարում, մահճակալը՝ փոքրանում, տունը՝ թափթփվում, հագուստը՝ ճմռթվում..., բայց կյանքը նոր արժեք է ձեռք բերում։

Ծնող լինելը ոչ թե երեխա ունենալն է, այլ՝ երեխա դաստիարակելը։

Ծնողի առաջնային առաքելությունն է երկրի վրա կերտել Երկնքի Արքայության ժառանգներ։

Այն ամբողջ կյանքի պատասխանատվություն է, երբեմն՝ քաղցր, երբեմն՝ դառը, երբեմն՝ դժվար։

Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա, որ մեկ օր զավակը կհետևի վարքի, խոսելաձևի, մարդկանց հետ վերաբերմունքի, Աստվածային արժեքների պահպանման ծնողի ՕՐԻՆԱԿԻՆ, ոչ թե խորհուրդներին։

Ծնողական սերը միայն լավագույնս խնամելը, կրթության տալը, կարիքներն ու ցանկությունները հոգալը չէ՝

  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ կարողանաս հանուն իրեն «ո՛չ» ասել, եթե անգամ կարժանանաս նրա դժգոհությանը։
  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ ի վիճակի լինես մերժել այն, ինչը «բոլոր ծնողներն անում են» ոչ թե ի շահ երեխայի, այլ սեփական համբավի և հասարակության մեջ տարածված մոդայի։
  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ թույլ տաս ինքնուրույն ուտի, հագնվի, կատարի իր պարտականությունները, այլ ոչ թե քո անհամբերությունից և անհարմարությունից դրդված՝ ինքդ անես։
  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ չարդարացնես նրա անպատասխանատու արարքն ու անհարգալից վերաբերմունքը նախ՝ քո, ապա՝ ուրիշների հանդեպ։
  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ չհանդուրժես կամակորությունները, քանի որ դրանց պատճառով շուտով մերժված կլինի դպրոցում և հասարակության մեջ՝ դառնալով խնդրահարույց և եսակենտրոն մարդ։
  • Այնքա՜ն սիրիր երեխայիդ, որ սովորեցնես ճիշտ փոխհարաբերություն ունենալ Աստծո և մարդկանց հետ, քանի որ չես կարող ամեն իրավիճակում զավակիդ կողքին լինել, բայց Աստված և մարդիկ նրա կողքին միշտ հայտնվելու են։

Հասմիկ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.