Առաջին սեր․ հովիվ Արթուր Դանիելյան
«Եփեսոսում գտնվող եկեղեցու հրեշտակին գրիր. « Այսպես է ասում Նա, որ իր աջ ձեռքում յոթ աստղերն է պահում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև: Գիտեմ քո գործերը և քո աշխատությունը և քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել և փորձել ես նրանց, ովքեր ասում են, թե իրենք առաքյալ են,բայց չեն, և գտել ես որ ստախոս են, և համբերել ես, նեղություններ ես կրել և Իմ անվան համար աշխատել և չես թուլացել: Սակայն քո դեմ մի բան ունեմ՝ քո առաջին սերը թողեցիր»» (Հայտնություն 2.1-7):
Եփեսոսի եկեղեցին բարի գործեր էր կատարում, ակտիվ գործունեություն էր ծավալում, համբերություն ուներ, չէր հանդուրժում մեղքը, հոգևորը մարմնավորից զանազանում էր, հալածանք և նեղություն էր կրում: Բայց նա մի բացթողում ուներ՝ թողել էր առաջին սերը:
«Ամեն պարգևներից մեծագույնը սերն է, որը երբեք չի վերջանում» (Ա Կորնթացիս 13.1-8 ): Սերը վիճակ չէ, սերը Հիսուսն է: Մարդիկ կարող են շատ բաներ ունենալ իրենց կյանքում, բայց չունենան ամենակարևորը՝ Աստծուն: Քո կյանում միայն Աստծո ներկայությունը կբերի զորություն: Նրա զորությունը քեզ կփրկի այս աշխարի գայթակղություններից, մեղքից: Եթե թողնես քո առաջին սերը՝ Աստծուն, ապա քո ներքին սենյակում կմարի ճշմարիտ պաշտամունքն առ Աստված: Գուցե արտաքինից աստվածապաշտ երևաս, բայց քո ներքին մարդն այլևս չերկրպագի Աստծուն: Երբ սերդ կորցնում ես, առաջ է գալիս կրոնը, որը սպանում է մարդուն:
«Այն, որ սկզբից էր, որի մասին լսել ենք, որը մեր աչքերով ենք տեսել,որին նայել ենք, ու մեր ձեռքերը շոշափել են, կենաց Բանի մասին.» (Ա Հովհաննես 1.1):
Իրական հոգևոր կյանքը Նրան տեսնելու, լսելու և շոշափելու մեջ է: Երբեմն պաշտամունքի ձևին ավելի կարևորություն ենք տալիս, քան Նրան, Ում ուղղված է այդ պաշտամունքը: Հիշի՛ր քո վերջին հանդիպումը Նրա հետ, երբ քո սիրտը փափկեց, հալվեց, փոխվեց, հնազանդվեց: Դու կարողանո՞ւմ ես առաջին սիրո կրակը վառ պահել: Հանդիպի՛ր Աստծուն պաշտամունքի մեջ: Նա ուզում է քո կյանքում իրական պաշտամունք տեսնել:
Փնտրի՛ր Նրան, և Նա կհանդիպի քեզ:
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը