Մտահոգ և անհանգիստ միտքը
«Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ սրտմտությունդ, մի՛ բարկացիր, որ չարը չգործես» (Սաղմոս 37.8)։
Անհանգստությամբ ու հոգսերով լի մտքերը հարձակվում են մեզ վրա Տիրոջը ծառայելու նպատակից շեղելու համար: Թշնամին օգտագործում է այս երկու տանջանքները մեր հավատքը կործանելու համար, որովհետև առանց հավատքի չենք կարող ապրել հաղթական կյանքով:
Որոշ մարդիկ այնքան շատ են մտահոգվում իրենց կյանքում, որ գրեթե դարձել են գերի: Եթե հանկարծ նրանք իրենց կյանքում չեն գտնում անհանգստության պատճառ, նրանք սկսում են ուրիշների կյանքի համար անհանգստանալու առիթ փնտրել: Դա պատահել է նաև ինձ հետ: Անընդհատ մտահոգվելով ինչ-որ բանի մասին՝ ես չէի կարողանում վայելել այն խաղաղությունը, որն ինձ տրված էր Հիսուսի մահվան շնորհիվ:
Հնարավոր չէ մտահոգվել և միևնույն ժամանակ պահպանել հոգու խաղաղությունը: Խաղաղությունը հնարավոր չէ ստիպողաբար տալ մարդուն, այն Հոգու պտուղ է, իսկ պտուղն որթի վրա մնալու արդյունքն է: Իսկ մնալը կապված է «Աստծո հանգստության» մեջ մտնելու հետ, ինչի մասին խոսվում է Եբրայեցիների 4-րդ գլխում և աստվածաշնչյան այլ հատվածներում: Հիսուսը մեզ տվեց իր խաղաղությունը և ասաց, որ մենք չպետք է վախենանք և անհանգստանանք: Մեկ այլ խոսքով ասած՝ խաղաղությունը նվեր է մեզ, բայց մեր ընտրությունից է կախված, թե որքանով լցված կլինենք խաղաղությամբ. մենք պետք է մտածենք խաղաղությանը նպաստող բաների մասին, և ոչ թե դուռ բացենք անհանգստության և մտահոգության առջև:
Կյանքը մեզ տրված է՝ որպես մեծագույն արժեք, և մենք պետք է վայելենք այն: Հովհաննեսի Ավետարանի 10.10-ում Հիսուսն ասաց. «Գողը գալիս է միայն, որ գողանա և սպանի ու ոչնչացնի: Ես եկա, որ կյանք ունենաք և է՛լ ավելին ունենաք»: Սատանան փորձում է գողանալ մեր կյանքը տարբեր ձևերով, ու դրանցից մեկն անհանգստությունն է:
Մաթևոս 6.25-ը սովորեցնում է մեզ, որ կյանքում գոյություն չունի մի բան, որի համար անհանգստանալու կարիք լինի: Աստծուց մեզ տրված կյանքը հիասքանչ է: Այն իր մեջ ընդգրկում է բոլոր տեսակի նյութական բարիքները, սակայն եթե մենք սկսում ենք անհանգստանալ դրանց համար, ապա մեզ տրված կյանքի հետ մեկտեղ՝ մենք կորցնում ենք նաև դրանք:
Ջոյս Մայեր. «Միտքը կռվի դաշտն է»