Ծնող-որդի փոխհարաբերություն, ընկերություն, ամուսնություն. սրանք բոլորը հիանալի  ամրոցներ են, որտեղ մարդիկ կառուցում են իրենց երջանկությունը, տալիս են իրենց սերը, ուշադրությունը, ժամանակը: Սակայն այսօր, բացի այս գեղեցիկ հատկանիշներից, ցավոք կարող ենք թվել նաև բացասական բաներ, որոնք շատ մարդիկ բերում են իրենց փոխհարաբերությունների մեջ և փչացնում դրանք: Դրանցից մեկը շահադիտությունն է, երբ մարդ ստեղծում է իր փոխհարաբերությունները շաադիտական նպատակներով: Սա ցավալի փաստ է, սակայն՝ անխուսափելի: Երբ նայում ենք այսօրվա աշխարհին, հասկանում ենք, որ շատ մարդիկ իսկապես այնքան են հեռացել իրական և անկեղծ փոխհարաբերություններից, որը բխում է սիրուց և ոչ թե շահից:

Շատերը ձեռք են բերում այնպիսի ընկերներ, որոնցից կարելի է ինչ-որ բան ակնկալել: Ընտրում են այնպիսի կողակից, ում հետ, ըստ իրենց, փայլուն և ապահով ապագա է սպասում: Անգամ ծնողներին իրական սեր ցույց տալու փոխարեն առաջ են բերում շողոքորթությունը՝ ինչ-որ բաներ ձեռք բերելու սպասումով: Ավա՛ղ, այս ամենը երկար չի տևում...որովհետև այն, ինչ ունի մարդն այսօր, գուցե և վաղը կորցնի: Եվ հենց այդ կորուստի ժամանակ են երևում իրական ընկերները, զավակները, կողակիցները...

Սակայն մեկ այլ ցավալի փաստ է, որ երբեմն մարդը թույլ է տալիս՝ այս ամենը ներխուժի նաև իր և Աստծո փոխհարաբերության մեջ: Մենք գնում ենք եկեղեցի, որովհետև այնտեղ մեզ ապահով և լավ ենք զգում, աղոթում ենք, որովհետև սպասումներ և ակնկալիքներ ունենք Աստծուց, անգամ երբեմն մեր աղոթքը կարող է վերածվել  հոգսերի և խնդրվածքների մի ցուցակի, որն արագ ավարտելուց հետո ավարտում ենք նաև մեր աղոթքը: Սա մեծ ցավ է մեր Տիրոջ համար...Նա մոտենում է մեզ որպես սիրող Հայր և ակնկալում, որ մենք կծնկենք Նրա առջև որպես սիրող զավակներ:

«Ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք: Որովհետև այդ ամենը հեթանոսներն են խնդրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի որ այդ ամենը պետք է ձեզ» (Մատթեոս 6.31-32):

Ձեր եկնավոր Հայրը գիտի՛...մեր Տերը գիտի մեր կարիքները, Նա գիտի, որ այդ ամենը պետք է մեզ: Նա պարզապես կամենում է, որ դու Նրան մոտենաս Նրա հետ զրուցելու և հանդիպեու սպասումով: Մոտենաս գոհությունով, որովհետև ՆԱ գիտի քո հոգսերը և հոգում է ժամանակին: Գուցե անգամ չես էլ նկատել,որ աղոթքդ դարձել է շահադիտական...քննի՛ր ինքնդ քեզ ու նայի՛ր աղոթքիդ կյանքին: Իհարկե՛, խոսքը այն մասին չէ, որ մենք չպետք է աղոթենք մեր հոգսերի համար, բայց դա չպետք է գերակշռի և դառնա մեր ողջ աղոթքի նյութը:

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ»: (Մատթեոս 6.33):

Արմատախիլ արա՛ բոլոր շահադիտական մոտեցումներդ: Եթե անգամ մարդուց կարողանաս ծածկել, բայց Աստված տեսնում է, Նա գիտի քո սրտի խորքը: Մոտեցի՛ր Նրան սիրող և անկեղծ սրտով, աղոթքդ թո՛ղ լինի առաջ Աստծո արքայությունը, առաջ Աստծո ներկայությունը, առաջ Նրա կամքը ու Նրան փնտրող: Սա է Տիրոջը հաճելի աղոթքը, Նրան հաճելի փոխհարաբերությունը...և մնացած բաները կտրվի քեզ:

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.