Սուրբ Հոգու հեղման, մի համեստ կնոջ նախանձավորության և Ազուզա սթրիթի մեծ արթնության մասին
20-րդ դարասկզբին Ամերիկայում հոգևոր մթնոլորտը, մեղմ ասած, անկում էր ապրում: Երկրում շարունակվում էր արդյունաբերական հեղափոխությունը. ծնունդ էին առնում նոր գործարաններ ու արտադրամասեր, որովհետև մարդիկ մեծամասշտաբ կերպով լքում էին ագարակներն ու լցվում մեծ քաղաքներ՝ ավելի բարեկեցիկ կյանքի որոնումներով: Աղքատությունը, հանցագործ կյանքն ու անաշխատունակությունը այն մթնոլորտի հստակ նկարագրությունն է, որ տիրում էր քաղաքներում 19-րդ դարի վերջին:
Այս ժամանակ Կանզասից մի քարոզիչ՝ Չարլզ Փարհամը, հետևելով եկեղեցու հանդեպ մարդկանց վերաբերմունքին, սկսում է Տիրոջ երեսը փնտրել: Նա ասում է. «Եթե եկեղեցին կամենում է հասարակության ժամանակակից մարտահրավերների պատասխանը դառնալ, ապա մեզ անհրաժեշտ է Հոգու նոր հեղում»:
Նա մի քանի տարի ճամփորդում է Ամերիկայով՝ ուսումնասիրելով, թե ինչպես է Աստված գործում տարբեր վայրերում: Իր դիտարկումների արդյունքում 1900թ-ին որոշում է հիմնել «Բեթելի Աստվածաշնչյան քոլեջ» Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում, որպեսզի ավելի խորը ուսումնասիրի Աստվածաշունչն ու փնտրի Աստծո երեսը: Նույն տարվա հոկտեմբերին 40 հոգի է գալիս այդ դպրոցի առաջին աշակերտները դառնալու համար: Դասերը բավական պարզ էին. օրական մի քանի ժամ ուսումնասիրում էին Աստվածաշունչը, իսկ մնացած ժամանակն անցկացնում էին աղոթքի մեջ: Սուրբ Ծննդի նախօրեին Չարլզը երկու օրով պետք է մեկներ Տոպիկայից, ուստի ուսանողներին տնային աշխատանք է հանձնարարում. ընթերցել Գործք Առաքելոցի առաջին գլուխներն ու ուսումնասիրել՝ ինչպես է կատարվում Սուրբ Հոգու թափումը առաքյալների կյանքում:
Երբ դեկտեմբերի 31-ին նա վերադառնում է, ապա որոշում է ուսանողների հետ միասին ողջ գիշեր աղոթքի մեջ լինել: Սկզբում ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվում, և նրանք որոշում են հաջորդ օրը կրկին շարունակել աղոթքը:
Այսպես, 1901թ-ի հունվարի 1-ին, աղոթքի ժամանակ Ագնես Օզման անունով երիտասարդ մի կին կանգնում է ու ասում. «Գործք Առաքելոցում ես կարդում էի, որ Սուրբ Հոգով մկրտության ժամանակ մարդիկ սկսում էին խոսել օտար լեզուներով: Ես հավատում եմ, որ եթե դուք հիմա ձեռնադրությամբ աղոթեք ինձ համար, ապա մի բան կկատարվի»:
Նա առաջ է գալիս, իսկ բոլոր ուսանողները աղոթքով շրջապատում են նրան: Բառացիորեն մի քանի րոպե անց Ագնես Օզմանը վերապրում է Հոգու աննկարագրելի ներկայություն և ի զարմանս բոլոր ուսանողների՝ սկսում խոսել չինարեն լեզվով:
Փարհամը և բոլորը, ովքեր հավաքված էին այնտեղ, հետևում էին, մինչ Օզմանը աղոթում էր չինարեն լեզվով: Երբ վերջինս «ուշքի է գալիս» և կանգնում, ապա պարզվում է, որ նա չի կարող անգլերենով մի բառ անգամ ասել: Երբ փորձում է գրել, ապա գրում է չինարեն հիերոգլիֆներ… Ականատեսների վկայությամբ՝ Օզմանը սկսում է անգլերեն խոսել միայն երրորդ օրը… Նա դառնում է ժամանակակից աշխարհի առաջին մարդը, ով ստանում է Սուրբ Հոգու մկրտությունը՝ օտար լեզուներով խոսելու նշանով: Պետք է հիշեցնել նաև, որ մինչ այդ հարյուրամյակներով եկեղեցիներում նման փորձառություն չէր եղել: Նրա Հոգով լցվելը Աստծո հանդեպ նախանձավորություն է առաջացնում նաև այլ ուսանողների ու անգամ հովիվ Փարհամի մեջ:
Բոլորը սկսում են աղոթել ու աղաղակել Աստծուն, որ Նա մկրտի իրենց նույնպես: Մի քանի օր անց բոլորը մկրտվում են Սուրբ Հոգով ու խոսում այլ լեզուներով: Այն մասին լուրը, որ Աստված նոր զորությամբ այցելել է եկեղեցուն, սկսում է արագորեն տարածվել:
Չարլզ Փարհամը զգում է, որ Աստված կանչում է իրեն այդ վարդապետությունը ողջ աշխարհով տանելու մեջ, և այդ պատճառով տեղափոխվում է Հյուսթոն, որտեղ էլ տեղափոխում է իր դպրոցը: Այնտեղ նա սովորեցնում է. նախքան Հիսուսի համար աշխարհը գրավելը, մենք պետք է ստանանք գերբնական զորություն, որը հասանելի է Սուրբ Հոգով մկրտվելուց հետո: Նրա ուսանողներից մեկն էր Ուիլյամ Սեյմուրը, ով քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվում է Լոս Անջելես՝ Սուրբ Հոգու նոր թափման մասին քարոզելու:
Սեյմուրը սկսում է քարոզել փոքրիկ մի եկեղեցում: Նա սկսում է խոսել Սուրբ Հոգու և Մկրտության մասին, որն անհանգստություն է առաջացնում մարդկանց շրջանում և նրա առջև հովվական խորհուրդը պայման է դնում.
1. Նա դադարում է խոսել օտար լեզուների մկրտության մասին,
2. Եթե հանկարծ ինքը ստանա այդ պարգևը, անպայման տեղեկացնի:
Այն տանը, որտեղ ապրում էր Սեյմուրը, սկսում է կազմակերպել աղոթքաժողովներ, որին շատ մարդիկ են միանում և շուտով տեղ չի լինում: Ստիպված են լինում տեղափոխվել մեկ ուրիշ տուն, այնտեղից էլ տեղափոխվում են Ազուսա Սթրիթ հասցեում գտնվող մի տուն, որի վարձը կազմում էր ամսական 8 դոլլար: 1906 թ.-ի ապրիլի 12-ին՝ հերթական աղոթքաժողովներից մեկի ժամանակ մկրտվում է Սեյմուրը և այդ վայրը հեղվում է Սուրբ Հոգու ներկայությամբ:
Այդպես, 1906թ-ին Լոս Անջելեսում կատարվում է հզոր արթնություն, որ հայտնի է «Ազուզա Սթրիթ» անվամբ: Այն թափ է տալիս քրիստոնեության մեջ նոր հոսանքին, որ հայտնի է որպես հոգեգալստականների շարժում:
Այսօր աշխարհում ամենահամեստ հաշվարկներով կա ավելի քան 600 միլիոն մարդ, ով խոսում է այլ լեզուներով, ում հավատքը արմատանում է հենց «Ազուզա Սթրիթի» արթնության մեջ: Բայց, ցավոք, քչերն են հիշում, որ այս ամենը սկսվել է նոր տարվա այն գիշերը, երբ մի հասարակ կին՝ Ագնես Օզման անունով, լցվում է Աստծո ծարավով ու նախանձավորությամբ, ինչի արդյունքում էլ կատարվում է Հոգու հեղում, որ ցնցում է ողջ աշխարհը: