Մեր կյանքում երբեմն գալիս են պարագաներ, երբ թվում է, թե ոչինչ իր տեղում չէ: Նայում ես կյանքիդ ու տեսնում, որ ինչ-որ բան շարժվել է իր տեղից և իր հետ շարժել ամեն բան: Ամեն բան լավ էր, բայց հանկարծ զգում ես, որ քիչ-քիչ շատ բաներ փոխվում են և դառնում այնպես, ինչպես չպետք է լինեին: Դա կարող է տարբեր լինել՝ մեր հոգևոոր կյանքում, ծառայությունների մեջ, աշխատանքի կամ ուսման վայրում, գուցե պարզապես ընտանիքում: Սկսում ես մտածել ու տեսնում ես, որ ամեն բան շուրջդ իր տեղում չէ, կարծես դուրս է եկել վերահսկողությունից ու այլևս չես կարողանում ոչինչ բերել իր նախկին վիճակին:

Ինչո՞ւ...երբ գալիս են նման իրավիճակներ, հասկանում ես, որ գտնվում ես պարտության մեջ, բայց նաև գիտակցում ես, որ պետք է ոտքի կանգնել, իսկ ոտքի կանգնելու համար պետք է գտնել պարտության պատճառը: Որտե՞ղ փնտրել այն...

Տերը մեզ տվել է զորության Հոգի, իսկ եթե կա պարտություն, նշանակում է՝ մեր կյանքում բացակայում է Սուրբ Հոգու զորությունը, հետևաբար և մտերմությունը Նրա հետ: Սուրբ Հոգին է, որ լցնում է մեզ իմաստությամբ, հավատքով, զորությամբ, օգնում է առաջ գնալ՝ լցված վստահությամբ, Նա է, որ ուղղում է մեզ սխալ ճանապարհից և տալիս ճիշտ լուծումներ գտնելու կարողություն: Բայց այս ամենը չի կարող լինել մեր կյանքում, երբ չունենք բավարար մտերմություն Նրա հետ: Երբ բացակայում է Աստծո ներկայությունը մեր կյանքից, ամեն բան դուրս է գալիս իր ընթացքից: Երբեմն մեզ թվում է, թե շատ բաների կարիք ունենք, որ ձեռք բերենք խաղաղություն, ապահով լինելու զգացողություն, բայց ո՛չ, մենք այդ խաղաղությունը տվող Աստծո ներկայության կարիքն ունենք: Երբ մենք հավատարիմ ենք մեր ժամանակը Սուրբ Հոգու հետ անցկացնելու մեջ, Նա էլ հավատարիմ  է՝ մեզ լցնելու ուրախությամբ, իմաստությամբ ցանկացած իրավիճակի մեջ, խաղաղությամբ, վստահությամբ, հավատքով և զորությամբ...որովհետև Նա զորության Հոգին է. երբ Նա գալիս է մեր կյանք, բերում է նաև այս բոլոր բաները Իր հետ:

Երբ քո կյանքում գալիս է չորություն ու չես տեսնում Աստծո պատասխանը քո խնդրածների մեջ, մի պահ մտածիր՝ մեր Աստված նախանձոտ Աստված է, գուցե դու շատ ես կենտրոնացել ինչ-որ բաներ խնդրելու մեջ, ու մոռացել ես խնդրել Նրա ներկայությունը, Նրան, անձամբ Նրա հետ շփումը, որի մեջ վստահ դու կգտնես այն ամենը, ինչի կարիքը որ ունես: Շտկի՛ր փոխհարաբերությունդ Սուրբ Հոգու հետ, որովհետև առանց Նրա ներկայության ամեն բան դատարկ է և ժամանակի ընթացքում կդառնա ձանձրալի պարտականություն: Միայնակ երկար չես կարողանա մնալ հոգևոր կյանքում, դու Նրա զորության կարիքն ունես, որովհետև քո ուժը, իմաստությունը, ցանկությունը ինչ-որ բաներ անելու սահմանափակ է, իսկ այն, ինչ Աստված է տալիս, անվերջանալի է, ամեն օր թարմ, յուրահատուկ և նորովի, ամեն օր ավելի զորավոր...Հետևաբար, երբ կա Նրա ներկայությունը, կա նաև հաղթանակ...

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.