Եթե Ես Հայր եմ, ո՞ւր է Իմ երկյուղը
Բոլորս էլ գիտենք, որ Աստված մեր երկնային Հայրն է, որ Նա միշտ հոգում, սիրում և խնամում է մեզ շատ ավելին, քան մեր երկրային ծնողները կարող են անել մեզ համար: Քրիստոնյաներիս գիտակցության մեջ դաջված է այդ գաղափարը, որ Աստված մեր Հայրն է՝ սիրող, բարի, հոգատար: Անգամ գուցե ամեն օր կրկնում ենք՝ Հա՛յր մեր, որ երկնքում ես...
Սրա հետ մեկտեղ գիտենք նաև, որ մեր երկնային Հայրը մեր Ընկերն է, Մեկը, Ում հետ կարող ենք զրուցել, կիսվել, պատմել մեր խնդիրների, ուրախությունների մասին, մեր Մտերիմն է, Ով մեզ սիրում է հավիտենական սիրով: Գիտենք, որ մեր երկնային Հայրը ողորմած է, հավատարիմ, ներող, միշտ ձեռք է մեկնում մեզ՝ անգամ մեր բազում թերությունների մեջ:
Գիտե՞ք՝ այս ամենը հրաշալի է, և հիանալի է այն, որ մենք գիտենք այս մասին: Բայց երբեմն այս ամենն այնքան է գլուխ բարձրացնում մեր մեջ, որ անգամ առանց նկատելու կորցնում ենք այն ակնածանքը, որը պետք է լինի մեր երկնային Հոր նկատմամբ: Դա հանգեցնում է նրան, որ մեզ համար մեղք գործելը դառնում է սովորական մի երևույթ. մեկ է՝ Տերը բարի է ու ողորմած է, Նա կների...
Իսկ մեր Հայրն ասում է.«Եթե Ես Հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. և եթե Տեր եմ Ես, ո՞ւր է իմ երկյուղը..» (Մաղաքիա 1.6):
Աստվածավախության բացակայությունը ուղղակի կերպով աղավաղում է ցանկացած քրիստոնյայի կյանք: Աստված չի կամենում, որ մենք սարսափենք Իրենից, բայց յուրաքանչյուրս էլ պետք է ունենանք բավարար աստվածավախություն, խո՜րը ակնածանք ու մեծարանք ամբողջ էությամբ, ինչին որ արժանի է մեր Աստված:
Քրիստինե Աթոյան