Երանի՜ թե ինձ օրհնեիր
«Երանի թե ինձ օրհնեիր ու ընդարձակեիր իմ սահմանը, և քո ձեռքն ինձ հետ լիներ, ու փրկեիր ինձ չարից, որպեսզի վիշտ չտեսնեմ» (Ա Մնացորդաց 4.9-10): Կարիքի և նեղության ժամանակ մարդիկ աղաղակում են Աստծուն.
1. Երանի թե օրհնեիր ինձ.
Հոգևորը պետք է դժվարությունը հաղթահարի հավատքով ու Նրա հետքերով քայլելով: Մենք պետք է մոտենանք մեր հավատքի Առաջնորդին խնդիրների ու դժվարության մեջ: Երբ մոտենում ենք Տիրոջը և ապավինում Նրան, կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ երբեք չի թողնի: Օրհնությունը երկնքից է գալիս, Նա խոստացել է օրհնել մեզ:
2.Երանի թե ընդարձակեիր իմ սահմանը.
Հոգևոր մարդը պետք է աճի իր հավատքի մեջ: Մենք պետք է թույլ տանք, որ Տերը մեծացնի մեր սահմանները: Եթե Նա ասել է, որ կօրհնի մեզ, չպետք է սահմանափակենք Աստծուն, պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր կյանքում բացահայտի բաներ, որոնք մենք չգիտենք:
«Եվ Ես կդնեմ քո սահմանները՝ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների ծովը և անապատից մինչև Եփրատ գետը, որովհետև այն երկրի բնակիչներին քո ձեռքն եմ տալու, և քշելու եմ քո առջևից» (Ելից 23.31): Երբ Աստծո խոսքը մեզ համար դառնում է ճանապարհ, մեր սահմանները մեծանում են:
3. Երանի չարից ինձ ազատեիր.
Աստված մեզ մաքրել է, սրբել: Քրիստոսի թափած պատվական արյան շնորհիվ մենք փրկվել ենք, Աստված փոխել է մեր կյանքը: Եթե մենք Աստծուց, մեր Հորից հեռանում ենք, ընկնում ենք դժվարության մեջ: Մենք չպետք է հեռանանք Աստծուց, թույլ չտանք, որ խավարը մեզ պատի: «Գիտենք, որ բոլոր նրանք, որ Աստծուց են ծնված, մեղք չեն գործում. նա, ով Աստծուց է ծնված, պահում է իր անձը, և չարը նրան չի դպչում» (Ա Հովհաննես 5.18):
Տերն Իր երեսը պայծառեցնում է մեզնից յուրաքանչյուրի վրա: Մենք կարիք ունենք մնալու Նրա մեջ: Նա է մեր ցանկացած հարցի լուծումը: Նա կարող է մեզ օրհնել ու ընդարձակել մեր սահմանները ու փրկել մեզ չարից, որպեսզի վիշտ չտեսնենք:
Հայկ Գրիգորյան
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը