Պատվական արժեքներ․ Տիգրան Հայրապետյան
Երբ տարին փոխվում է, մենք նայում ենք, թե ինչ ունենք տանը: Այն իրերը, որոնք չենք օգտագործելու, դեն ենք նետում, բայց երբ տեսնում ենք մի իր, որ մեզ համար թանկագին է (գուցե ինչ-որ ժամանակ մեր տեսադաշտից դուրս էր մնացել), իսկույն վերցնում ենք, փոշին սրբում ու դնում իր ճիշտ տեղում: Այդպիսով՝ մենք դնում ենք տարբերություն պատվականի՝ թանկարժեքի և անարժեքի միջև:
Իսկ ի՞նչ է Աստվածաշուչն ասում պատվական արժեքների մասին:
Եսայի մարգարեության 13.12 խոսքում Աստված մարդուն է պատվական համարում. «Զուտ ոսկուց ավելի պատվական եմ դարձնելու մարդուն, հողեղեն մարդուն՝ Ոփիրի գանձից»:
Մեկ այլ տեղում՝ Եբրայեցիս 13.4-ում, ասում է. «Ամուսնությունն ըստ ամենայնի պատվական է, և անկողինը՝ անարատ»:
Մյուս բանը, որ հանդիպում ենք, սուրբերի մահն է, որ պատվական է. «Պատվական է Տիրոջ առջև իր սուրբերի մահը» (Սաղմոս 116.15):
Պատվական բառի համար բնագրում օգտագործվում է «իզոտիմոս» բառը, որի արմատներն են՝ «իզոս»՝ հավասար և «տիմես»՝ պատիվ: Այն ժամանակներում այդ բառն օգտագործում էին կայսրերի, մեծամեծերի, զինվորների շրջանակներում, քանի որ նրանք էին, որ արժանի էին այդ պատվին:
Բ Պետրոս 1.1-ում Պետրոս առաքյալը խոսքն ուղղում է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին՝ասելով.«...նրանց, որ մեզ հետ միասին հասան նույն պատվական հավատքին Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի արդարությամբ»:
Այս ասելով՝ Պետրոս առաքյալը ցույց է տալիս, որ նրանց հավատքը հավասար պատվական է առաքյալների հավատքին ու նաև այն օրհնությանը, ժառանգությանը և երկնային քաղաքացիությանը, որ կա Հիսուս Քրիստոսում:
Պատվականն այն է, ինչ Աստծո աչքում է պատվական: Եվ միայն դա է, որ մտնելու է Երկնքի արքայություն: Ո՛չ մի կեղծիք այնտեղ տեղ չունի: Հայտնություն 21.11-ում խոսվում է երկնային քաղաքի՝ Երուսաղեմի մասին, որի և՛ քաղաքը, և՛ պատերը, և՛ քարերը թանկարժեք են՝ պատվական:
Ես ուզում եմ մի հարց ուղղել. արդյո՞ք այն ամենն, ինչ Աստծո համար պատվական է, պատվական է նաև մեզ համար: Եվ եթե պատվական է, ապա ի՞նչ վերաբերմունք ենք մենք ցույց տալիս դրանց նկատմամբ:
Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու ավագ հովիվ՝ Տիգրան Հայրապետյան
Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը