Երկրավոր կյանքի մեծ հաղթանակները տոնելու համար մենք Երկնքում հավերժություն կունենանք, բայց այժմ ունենք միայն հնարավորությունների այս պատուհանը, որպեսզի շահենք այդ հաղթանակները։ Ինչպես ասել է միսիոներ Չ. Թ. Սթադդը. «Միայն մեկ կյանք կա. շուտով կանցնի և կմնա միայն այն, ինչ արվել է Քրիստոսի համար»։

Ի՞նչը կմնա հավերժ՝ հաստատ ոչ ձեր մեքենան, տունը, դիպլոմները, մրցանակները կամ բիզնեսը, այլ՝ յուրաքանչյուր կարիքավորին արված ծառայությունը, սովածներին կերակրելու համար տրված ցանկացած գումարը, ծարավին տրված մեկ բաժակ սառը ջուրը, առաքելության մեջ ցանկացած ներդրումը, կարիք ունեցողի համար արված աղոթքը, ավետարանչությանն ուղղված ցանկացած ջանքը, երեխաներին խնամելը և ամեն թանկ պահը։ Աստվածաշունչն ասում է. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ պիտի հնձի։ Իր մարմնի համար ցանողն իր մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար ցանողը՝ Հոգուց հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիներին 6.8)։

Մեր միտքն Երկնքի վրա կենտրոնացնելը կարգապահություն է, որը պետք է սովորել։ Հովիվներն ու եկեղեցու առաջնորդները պետք է սովորեն իրենք և սովորեցնեն իրենց ժողովրդին լինել «Երկնային»։ Այսինքն՝ սովորեցնել և քարոզել Երկնքի մասին։ Դա նշանակում է ներկայացնել Երկնքի աստվածաշնչյան աստվածաբանությունը, որը կարող է ձևավորել և վերափոխել մարդկանց կյանքն՝ ազատելով նրանց մակերեսային, անհույս կյանքից, որը կենտրոնացած է ընկած և կործանված աշխարհի վրա։

Տվե՛ք ինքներդ ձեզ այս հարցերը Երկնքի լույսի ներքո.

● Ես ամեն օր մտածու՞մ եմ իմ մահկանացու լինելու մասին։

● Ես ամեն օր գիտակցու՞մ եմ, որ ընդամենն երկու ուղղություն կա՝ դրախտ կամ դժքոխք, և ես ու իմ բոլոր ծանոթները հայտնվելու ենք կա՛մ մեկում, կա՛մ մյուսում։

● Ամեն օր հիշեցնու՞մ եմ արդյոք ինքս ինձ, որ այս աշխարհն իմ տունը չէ, և ամենն, ինչ որ դրա մեջ է, այրվելու է՝ իրենից հետո թողնելով միայն այն, ինչը հավերժ է։

● Ես ամեն օր ընդունու՞մ եմ, որ իմ ընտրությունն ու գործողություններն անմիջական ազդեցություն են ունենալու գալիք աշխարհի վրա։

● Արդյո՞ք ես ամեն օր գիտակցում եմ, որ իմ կյանքը քննվում է Աստծո կողմից՝ Իր Լսարանում։ Եվ իմ կյանքի միակ գնահատականը, որ վերջնական արդյունքում կարևոր կլինի, Իրենն է։

● Մտածու՞մ եմ արդյոք ամեն օր այն փաստի մասին, որ իմ վերջնական տունը լինելու է Նոր Երկիրը, որտեղ ես կտեսնեմ Աստծուն և կծառայեմ Նրան՝ որպես մարդկային հասարակության մեջ հարություն առած մարդ։ Այնտեղ ես, լցված մեծ ուրախությամբ, կմոտենամ Աստծուն, կուսումնասիրեմ Նրան ու Իր ստեղծագործությունը, կվարժվեմ Աստծո փառքի ներկայությանը և Իր ստեղծագործության վրա՝ գերիշխանությանը։

Հեղինակ՝ Ռենդի Ալքորն
Աղբյուրը՝ churchleaders.com

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.