Դու ապահով ես Աստծո ձեռքերի մեջ
«Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի… Իմ Հայրը, որ նրանց տվեց Ինձ, բոլորից մեծ է, և ոչ մեկը չի կարող Իմ Հոր ձեռքից հափշտակել նրանց»: (Հովհաննես 10.28-29):
Երբ ես մեծացա, հորիցս մնացած ամենատպավորիչ բաներից մեկը նրա ձեռքերն էին. որպես երեխա՝ ես նրա ձեռքերը հսկայական էի տեսնում: Երբ նա ատաղձագործությամբ էր զբաղվում, մուրճն այնքան փոքր էր թվում նրա ձեռքում:
Մեր երկնային Հայրն իսկապես մեծ ձեռքեր ունի: Նա ամբողջ աշխարհն է կրում Իր ձեռքերի մեջ:
Որքա՞ն մեծ են Աստծո ձեռքերը
Աստծո ձեռքը մեծ է այնքան, որ օրհնի քեզ. Հիսուսը ձեռք էր դնում մարդկանց վրա և օրհնում նրանց: Նա անում է նույնը նաև քեզ համար: Եսայիա 62.3 խոսքն ասում է. «Փառքի պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծո ափում»:
Աստծո ձեռքերը դրոշմված են, որպեսզի երբեք չմոռանա քեզ. երկնքում միակ սպիեր կրողը կլինի Հիսուսը: Դու մտածում ես, որ Աստված կարո՞ղ է մոռանալ քեզ: Նրա ձեռքերում եղած մեխի սպիերն անընդհատ հիշեցնում են Նրան քո մասին: Աստվածաշունչն ասում է. «Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը, կամ չի գթա իր արգանդի ծննդին. Հիրավի, նրանք կարող են մոռանալ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա: Ահա Ես Իմ ձեռքերի ափերի մեջ դրոշմեցի քեզ» (Եսայա 49.15-16):
Աստծո ձեռքերը բավարար հզոր են՝ քեզ հավիտյան անվտանգ պահելու: Հովհաննես 10.28-29 խոսքերն ասում են. «Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի… Իմ Հայրը, որ նրանց տվեց Ինձ, բոլորից մեծ է, և ոչ մեկը չի կարող Իմ Հոր ձեռքից հափշտակել նրանց»:
Եթե մեկ անգամ քո կյանքը դնես Աստծո ձեռքերի մեջ, ոչ ոք չի կարող քեզ այնտեղից հափշտակել: Հիմա կասես՝ մի՞թե չեմ կարող ուղղակի դուրս ցատկել այնտեղից, որքա՞ն մեծ ես պատկերացնում Աստծո ձեռքերը: Դու երբեք չես կարող հասնել Նրա ձեռքի եզրին: Քո կյանքի յուրաքանչյուր կողմ Նրա ձեռքի մեջ է:
Քո Հայրը սպասում է, որ այսօր կցատկես Նրա ձեռքերի մեջ: Նա ասում է. «Վստահիր ինձ, Ես վստահելի եմ: Ես կարող եմ կարգավորել քո կյանքում այն ամենը, ինչ դու կհանձնես ինձ»:
Ժամանակը չէ՞ արդյոք, որ քո կյանքը հանձնես Աստծո ձեռքերի մեջ: Դու կարող ես վստահել Նրան այսօր և հավիտյան:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուր՝ pastorrick.com