Ազատության գինը. Էսսե
Լուսաբաց էր: Սովորական մի լուսաբաց, բայց ո՛չ այս բանտարկյալի համար: Ժամերն անցնում էին ծանր ու տաղտկալի…Ահա արդեն կեսօր է: Դրսում արևը շողում է իր ողջ ուժով ու ջերմությամբ, բայց նրա շողերն անզոր են թափանցելու այս մութ ու խոնավ խուցը: Խավար է նաև բանտարկյալի սրտում: Շուտով կլսվեն պահապան զինվորի ոտնաձայները, և նրան կառաջնորդեն դեպի մահ: Մահ…Ինչ ահարկու է այս բառը: Այն վախ է ներշնչում: Նրա առաջ խոնարհվում են այս աշխարհի հզորները: Մի փոքր բառ, որի ետևում թաքնված է անհայտ հավիտենականությունը….Լռության մեջ մերթընդմերթ լսվում է շղթաների ձայնը, որը կարծես մահազանգ լինի:
Սպասման ծանր րոպեների ընթացքում նրա աչքի առաջ է գալիս ամբողջ կյանքը: Ահա նա մանուկ է և անհոգ վազվզում է ընկերների հետ:
Պատանեկության տարիներ…Նա հիշում է ժողովարանը, որտեղ Աստծո օրենքն էր լսում և մտաբերում իմաստուն խրատը. «Որդյա՛կս, խռովարարների հետ մի ընկերացիր»:
Ահա նա արդեն երիտասարդ է: Եվ ի՞նչը դրդեց նրան միանալ խռովարարների խմբին և մարդ սպանել…Նրա ականջում դեռ հնչում է անօգնական ընկածի ձայնը, որն աղերսում է խնայել: Բայց…Նորից ու նորից նրա աչքի առաջ է գալիս սարսափելի տեսարանը` շողում է դաշույնը և անգթորեն մխրճվում ընկածի կուրծքը…Արդյոք նա երբևիցե կազատվի՞ խղճի խայթից…Նրա մտքերը փոխվում են խոսքերի.«Սա՞ էր կյանքը...,այսքա՜ն կարճ, այսքա՜ն անիմաստ…Օ~ ,Տե՛ր Աստված, եթե ինձ մեկ անգամ էլ հնարավորություն տրվեր ապրելու….Մի՞թե նորից այսպես կապրեի…բայց արդեն ուշ է…ես արդեն վաստակել եմ մահը...»: Եվ նորից սպասման ծանր րոպեներ…
Լսվում են մոտեցող ոտնաձայներ, և նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել: Ճռճռալով բացվում է երկաթե ծանր դուռը և երևում պահապանի մշուշոտ կերպարանքը.
«Դո՛ւրս արի…Դու ազատ ես... Ահա Պիղատոսի հրամանը: Քո փոխարեն նա որոշեց Հիսուս անունով արդարին խաչել: Հիմա դու կյանք ունես, բայց քո ամբողջ կյանքով պարտական ես այդ Հիսուսին: Գնա՛ և տես քո Փրկչին, եթե կուզես: Խաչելությունը կլինի քիչ հետո` Գողգոթա վայրում»:
Նա դուրս վազեց և ուղղվեց դեպի Գողգոթա: Ուզում էր րոպե առաջ տեսնել իր Փրկչին: Ինչո՞վ կարող էր փոխհատուցել Նրան: Միայն կյանքով…
Մի՞թե Նրան արդեն խաչել են: Ոտքերը հազիվհազ քարշ տալով`նա մոտեցավ: Տեսավ երեք խաչ: Ինչ-որ բան նրան ուղղեց դեպի մեջտեղի Խաչյալը: Դողացող ոտքերով մոտեցավ Նրան…Խաչյալը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ.Նրա աչքերում այնքա՜ն սեր և գթություն կար, որ միանգամից անհետացավ ծանր բեռը.
-Բարաբբա՛, Ես եկել եմ գերիներին ազատություն և կապյալներին արձակում տալու,-ասում էին Նրա աչքերը: Հիմա դու ազատ ես:
Բարաբբան ընկավ ծնկների վրա և գոչեց.
- Տե՛ր, ես ազատ եմ, բայց հավիտյան Քո ծառան եմ: Իմ կյանքը Քեզ է պատկանում:
«Նա բոլորի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ Նրա, որ իրենց համար մեռավ և հարություն առավ» (Բ Կորնթացիս 5.15):
Արամ Մուշեղյան