Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5․21-24)։

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21․18-22):

Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21․20-22):

Աղբյուրը՝ surbzoravor.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.