Տերն ուզում է, որ բոլորը ապաշխարեն. Դեյվիդ Ուիլքերսոն
«Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3.9):
Պետրոս առաքյալն ներկայացնում է այն պատճառը, թե ինչու Հիսուսը դեռ չի վերադարձել: Մեր Տերը համբերատար սպասում է, որ բոլորը դարձի գան՝ ապաշխարեն:
Ես զարմացած եմ Աստծո համբերության վրա, որ ունի այս սերնդի նկատմամբ: Բարոյական խեղաթյուրումը ծանր է անգամ շատ աշխարհիկ մարդկանց համար: Նույնիսկ, եթե փորձում եք մաքուր խիղճ ունենալ, ձեր միտքը անընդհատ լեցվում է ամեն օր հանդիպող վատ և չար նորություններով:
Հաճախ մեր սրտերը աղաղակում են. «Տե՛ր, ե՞րբ կգա արդարությունը: Ե՞րբ ես դատապարտելու չարագործներին»: Մենք զարմանում ենք, թե ինչու է Աստված այդքան սպասում, համբերում մերօրյա այս տեսակ սանձարձակ չարությունը: Մենք մտովի պատկերացնում ենք այն տեսարանը, երբ չարագործները վերջապես ծնկի են իջնելու Տիրոջ սրբության առջև:
Բայց Պետրոսը ցույց է տալիս, որ Հիսուսը հիմա կենտրոնացած է ոչ թե դատաստանի, այլ նույնիսկ ամենաչար մեղավորների փրկության վրա: Մեր Տերն անմնացորդ ողորմածությամբ համբերում է: Նա համբերատար է չարագործների նկատմամբ: Նա ուզում է ողորմություն ցուցաբերել յուրաքանչյուր զղջացող մեղավորի նկատմամբ։
«Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ յ տարերքը կրակ ընկած կ’հալուին։ Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։ Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ» (3.11–14):
Աստված ասում է. «Նայի՛ր քո սրտին: Համոզվի՛ր, որ ջանասեր ես Իմ Խոսքը պահելու մեջ»: Պողոսն ավելացնում է. «Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Հռոմեացիներ 14.12): Դրանից հետո նա մեզ զգուշացնում է, որ չդատենք ուրիշներին և զգույշ լինենք, որ մեկս մյուսիս համար գայթակղության պատճառ չդառնանք:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org