Ողորմած, գթառատ, երկայնամիտ, բարությամբ ու ճշմարտությամբ հարուստ Աստված
Տերն անցավ նրա առջևից և հայտարարեց. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34.6):
Շատերը դժվարանում են Աստծուն ընդունել որպես սիրող Հոր, քանի որ Նրան տեսնում են անցյալի փորձառության աչքերով: Աստված Մովսեսին բնութագրում է Իր էությունը՝ որպես «ողորմած և գթառատ, երկայնամիտ, բարությամբ ու ճշմարտությամբ հարուստ» (Ելից 34.6):
Սատանան սիրում է ձեր մտքերում խեղաթյուրող կարծիքներ ձևավորել Հոր մասին ճիշտ այնպես, ինչպես վարվեց Հոբի հետ, երբ Հոբը Աստծուն մեղադրեց՝ որպես «երկնքում բնակվող լրտես»–ի: Սատանան փորձում է ձեզ հավատացնել, որ Աստված ավելի պատրաստակամ է ձեզ դատապարտելու, քան՝ փրկելու և օրհնելու: «Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։ Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ» (Հոբ 14.16-17): Հոբն ասում էր. «Տե՛ր, դու հետևում ես ինձ՝ տեսնելու, թե արդյոք ես պատրաստվո՞ւմ եմ ձախողվել: Դու իմ բոլոր մեղքերը «հավաքում ես» և պահում՝ դրանցով ինձ դատելու համար»:
Ճշմարտությունն է, որ Աստված ընդհանրապես չէր լրտեսում Հոբին: Նա այնքան սիրով էր լցված Հոբի հանդեպ, որ պարծենում էր նրանով: Երբ փորձությունների ու դժվարությունների մեջ ենք հայտնվում, մենք հակված ենք մոռանալու, թե ինչ է ասում Աստված Իր էության մասին: Եվ եթե մենք կարողանայինք շարունակել հավատալ Նրան անգամ միայն նմանատիպ ժամանակներում, ապա մեր հոգում խաղաղություն ու վստահություն կունենայինք:
Երբ մտնում եք ծածուկ սենյակ Տիրոջը երկրպագելու, հստակ գիտակցեք, թե ինչպիսի Աստծո եք երկրպագելու: Համոզված եղե՛ք, որ Նա սիրում է ձեզ և որ Նա այնպիսին է, ինչպիսին որ ասում է:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org