Հոգու ծարավ. Մովսես Առաքելյան
«Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի» (Հովհաննես 7.37):
Շատերը կային, որ գնում էին Հիսուսի հետևից, սակայն Նա կանչում էր ծարավածներին: «Եվ նա, ով որ ծարավ է, թող գա» (Հայտնություն 22.17):
Մեր մարմնին Աստված օժտել է այնպիսի հատկությամբ, որ այն ամեն օր զգում է սով և ծարավ: Այդ հատկությունն Աստված դրել է նաև մեր հոգու մեջ, և ծարավից է, որ առաջանում է ցանկություն: Եթե դու ծարավ չես զգում, քո մեջ ցանկություն չի առաջանա ջուր խմելու: Եթե մեր ներսում չկա ծարավ, մենք ցենք ցանկանա ու չենք փափագի մոտենալ Աստծուն:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ երբեմն մենք ծարավ չենք զգում: Հակառակորդի նպատակն է գողանալ մեր ծարավը, հագեցնել մեզ ուրիշ բաներով… Եվ արդյունքում ստացվում է, որ դու ներքուստ զգում ես անբավարարվածություն:
Աստված ուզում է արթնացնել մեր մեջ ծարավ, որովհետև Նա կանչում է ծարավածներին: Ջուրն է կյանք տալիս մարդուն, ու եթե երկար ժամանակ ջուր չես խմում, սկսում են շուրթերդ ճաքել, ու վերջնական արդյունքում՝ դու կմեռնես: Հոգևոր կյանքում մենք ևս կարիք ունենք ջրի՝ Սուրբ Հոգու, կարիք ունենք անձրևների, առանց որի չենք կարող հոգևորապես ապրել: Ու ինչպես ֆիզիկական մարմինն է սկսում կորցնել իր գիտակցությունն ու բանականությունը սնունդի ու ջրի պակասի դեպքում, նույնն էլ մեր հոգին է. ինչպե՞ս պիտի ապրենք, ինչպե՞ս պիտի մեր հոգին զորանա…
Ջրի բացակայությունը կբերի անապատ: Վերստին ծնվելով` ամեն բան չի ավարտվում: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել մեր հոգու ծարավին: Ինչո՞ւ պիտի հավատացյալը տխրի, նեղվի, հուսահատվի… որովհետև բացակայում է ծարավը, ու այդպես էլ չենք կարողանում հասկանալ պատճառն ու շարունակում ենք ապրել անբավարարվածությամբ:
«Ինչպես եղջերուն փափագում է ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված, իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն» (Սաղմոս 42.1-2):
Ծարավը բժշկում է, բարձրացնում է, զորացնում է, ծարավն է հիմքը հոգևոր արթնության, այն բերում է նշաններ, հրաշքներ ու զորություններ, առաջացնում է բազմության ապաշխարություն: Ծարավ լինելը օրհնություն է ոչ միայն քեզ, այլ քո շրջապատի, քո եկեղեցու, քո ժողովրդի համար, որովհետև «Նրան հավատացողներից կենդանի կյանքի գետեր կբխեն»:
2016 թվական