Ներել և մոռանալ. Ռիկ Ուորեն
Դուք անընդհատ լսել եք հետևյալ արտահայտությունը. «Ների՛ր ու մոռացի՛ր»: Ու դա թվում է անհնարին...
Դուք իրապես չեք կարող մոռանալ ձեր կյանքի վիրավորանքները: Եվ մոռանալն անհնար է: Քանի որ երբ փորձում ես մոռանալ, դու սկսում ես կենտրոնանալ հենց այն խնդրի վրա, որը ցանկանում ես մոռանալ:
Եվ իրականում Աստված չի էլ պարտադրում, որ մոռանաք: Փոխարենը Նա ուզում է, որ վստահեք Իրեն և տեսնեք, թե ինչպես կարող է Նա ցավը վերափոխել լավի: Երբ տեսնեք, որ Աստված վատ իրավիճակը վերափոխում է լավի, դուք առնվազն կարող եք շնորհակալություն հայտնել Նրան դրա համար:
Հռոմեացիներ 8.28 -ում ասվում է. «Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են»:
Խոսքը չի ասում, որ ամեն բան լավ է լինելու, քանի որ ամեն բան չէ, որ լավ է: Հիվանդությունը, խարխլված հարաբերությունները, պատերազմը լավը չեն: Կյանքում շատ բաներ չարիք են: Այս աշխարհում տեղի ունեցող ամեն բան չէ, որ Աստծո կամքով է:
Բայց Աստված ասում է, որ Նա բարիին գործակից կանի, եթե վստահեք Նրան: Դուք կարող եք գնալ Նրա մոտ և ասել. «Աստվա՛ծ, ես քեզ եմ հանձնում իմ կյանքի բոլոր «փշուրները»»:
Նա կվերցնի այդ փշուրները և փոխարենը խաղաղություն կհաստատի ձեր սրտում: Այդ խաղաղությունը կգա, երբ գիտակցեք, որ կարող եք ներել, նույնիսկ եթե չեք հասկանում ձեր սրտի ցավը, քանի որ գիտեք՝ Աստված այդ ցավը կգործակցի բարիին:
Դուք, ինչքան էլ փորձեք ամբողջությամբ մոռանալ ձեր վիրավորանքը, չեք կարողանալու: Բայց Աստված ասում է, որ դուք պետք է ներեք և տեսնեք, թե ինչպես է Նա տեղի ունեցածը վերափոխելու բարիին:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com