Որքա՞ն է կշռում աղոթքը
Մեկ օր խանութ մտավ մի դժբախտ կին տանջված դեմքով և խնդրեց վաճառողին տալ մթերքներ, որ կարողանա ճաշ պատրաստել իր երեխաների համար։ Նա հարցրեց կնոջը, թե որքան գումար ունի նա։
Նա պատասխանեց․
-Ամուսինս զոհվել է պատերազմում։ Ես ոչինչ չունեմ, բացի մի փոքրիկ աղոթքից։
Վաճառողը խոստովանեց, որ այդ օրերին այնքան էլ սենտիմենտալ մարդ չէր և կարծում էր, որ իր մթերային խանութը աղքատներին անվճար հաց բաժանելու վայր չէ։
Նա անփութորեն ասաց․
-Գրե՛ք այն թղթի վրա, և նորից անցավ իր գործին։
Ի զարմանս իրեն՝ կինը գրպանից հանեց թղթի կտոր ու մեկնեց վաճառասեղանից այն կողմ վաճառողին։ Նա ասաց․
-Ես սա գրել եմ գիշերը, երբ հիվանդ երեխայիս էի խնամում։
Հանկարծակիի գալով՝ վաճառողը վերցրեց թղթի կտորը, բայց միանգամից փոշմանեց, որ այդպես վարվեց․ հիմա ինչպե՞ս վարվի և ի՞նչ պատասխանի։
Նրա գլխում մի միտք ծագեց։ Անգամ չկարդալով աղոթքը՝ նա թուղթը դրեց կշեռքին և ասաց․
-Տեսնե՛նք, թե որքան այն արժե։
Ի զարմանս, երբ նա կշեռքի մյուս նժարին դրեց մեկ հաց՝ կշեռքի սլաքն անգամ տեղից չշարժվեց։ Նա ավելի վրդովվեց, որ սլաքը շարունակում էր մնալ նույն տեղում՝ չնայած արագորեն դնում էր մթերքներ կշեռքին, քանի որ կողքից հաճախորդներ էին նայում։
Վաճառողը փորձում էր կոպիտ լինել, բայց ապարդյուն։ Նա կարմրեց, և դրանից ավելի բարկացավ։ Ի վերջո նա քրթմնջաց․
-Սա ամենն է, ինչին կշեռքը կարող է դիմանալ։ Ահա՛ պայուսակը։ Դուք ինքներդ պետք է փաթեթավորեք։ Ես զբաղված եմ։
Ցածր հեկեկոցի ձայն հանելով՝ կինը վերցրեց ու սկսեց փաթեթավորել ուտելիքը՝ ամեն անգամ սրբելով արցունքները, երբ ազատվում էր ձեռքը։
Վաճառողը փորձում էր չնայել, բայց նկատեց, որ մեծ պայուսակ է տվել կնոջը, որի մեջ մի փոքր դեռ տեղ կար։ Առանց խոսելու նա վաճառասեղանին գցեց պանրի մեծ գլուխ։ Նա չտեսավ երկչոտ շնորհակալ ժպիտ նրա թաց աչքերում՝ ի պատասխան վաճառողի բարության, որը հերքեց առաջին խաբուսիկ տպավորությունը նրա ժլատության մասին։
Երբ կինը գնաց, վաճառողը մոտեցավ կշեռքին՝ գլուխը քորելով ու չհասկանալով տարուբերելով։ Մի փոքր անց նա գտավ հանելուկի պատասխանը։ Կշեռքը կոտրված էր...
Անցան տարիներ։ Վաճառողը հաճախ էր հիշում այդ դեպքը և չգիտեր, թե արդյո՞ք ճիշտ է գտել հանելուկի պատասխանը։ Ինչո՞ւ էր այդ կնոջ աղոթքն արդեն գրված ու պատրաստ, որ բավարարի վաճառողի հանկարծակի պահանջը։ Ինչո՞ւ աղքատ կինը եկավ հենց այն ժամանակ, երբ կշեռքը կոտրված էր։ Ի՞նչը խանգարեց, որ նա չնկատեց անսարքությունը և շարունակեց դնել մթերքներ, երբ կշեռքի նժարին դրված էր միայն թղթի կտոր։ Նա իրեն հիմար էր զգում և չէր հասկանում՝ ինչ էր անում։
Վաճառողն այլևս երբեք չտեսավ կնոջը։ Բայց նա նրան չէր էլ տեսել դրանից առաջ։ Սակայն մինչև կյանքի վերջ նա կնոջը հիշում էր ավելի լավ, քան՝ ցանկացած այլ հաճախորդի։
Նա գիտեր, որ այդ դեպքը իր երևակայության արդյունքը չէր, քանի որ դեռևս պահում է այդ թղթի կտորը, որտեղ գրված էր կնոջ աղոթքը․«Խնդրում եմ, Տե՛ր, տո՛ւր մեզ մեր ամենօրյա հացը»։
Աղբյուրը՝ facebook.com/ohristiane