Սուրբծննդյան ընթերցանություն
Սիրելի՛ ընթերցող, Սուրբ Ծնունդին ընդառաջ Ձեզ ենք առաջարկում սուրբծննդյան ընթերցանություն Աստվածաշնչից, որը ներկայացնում է մեր Փրկչի ծննդյան պատմությունը:
Հիշեցնե՛նք, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների մոտ:
Ղուկաս 1. 5-80.
«5 Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։
6 Երկուսն էլ Աստուծոյ առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ։
7 Եւ նորանք զաւակ չ’ունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր. Եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։
8 Եւ եղաւ, երբոր նա քահանայութիւն էր անում իրան հասած դասակարգութեան օրերումը Աստուծոյ առաջին,
9 Քահանայութեան սովորութեան պէս, իրան ընկաւ, որ Տիրոջ տաճարը մտնէ խնկարկութիւն անելու։
10 Եւ ժողովրդի բոլոր բազմութիւնը դուրսն աղօթք էին անում խնկարկութեան ժամանակին։
11 Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։
12 Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։
13 Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։
14 Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։
15 Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։
16 Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։
17 Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։
18 Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես ի՞նչով ճանաչեմ այդ. Որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։
19 Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։
20 Եւ ահա համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. Որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։
21 Եւ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, եւ զարմանում էին նորա տաճարի մէջ ուշանալու համար.
22 Եւ երբոր դուրս եկաւ, չէր կարենում խօսել նորանց հետ. Եւ իմացան՝ որ տաճարի մէջ տեսիլք է տեսել. Եւ նա նշաններով էր խօսում նորանց հետ, եւ մնում էր պապանձուած։
23 Եւ եղաւ, երբոր նորա պաշտօնի օրերը կատարուեցան, գնաց իր տունը։
24 Եւ այն օրերից յետոյ նորա կին Եղիսաբեթը յղացաւ, եւ հինգ ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում.
25 Թէ այսպէս արաւ ինձ Տէրն այս օրերումն, որ ինձ վերայ նայեց՝ որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնէ։
26 Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր,
27 Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։
28 Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։
29 Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։
30 Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։
31 Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։
32 Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ.
33 Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։
34 Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։
35 Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։
36 Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. Եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։
37 Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։
38 Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. Թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։
39 Մարիամն այն օրերումը վերկացաւ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ Յուդայի քաղաքը.
40 Եւ Զաքարիայի տունը մտաւ, եւ Եղիսաբեթին բարեւեց։
41 Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։
42 Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.
43 Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։
44 Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։
45 Եւ երանի նորան, որ հաւատաց, թէ այն բաները կ’կատարուին, որ Տէրիցն իրան ասուած են։
46 Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։
47 Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։
48 Որովհետեւ իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ, որովհետեւ ահա այսուհետեւ բոլոր ազգերը կ’երանեն ինձ։
49 Որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ սուրբ է նորա անունը։
50 Եւ նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։
51 Զօրութիւն արաւ իր բազուկովը, ցրուեց ամբարտաւաններին իրանց սրտի մտածմունքովը։
52Զօրաւորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։
53 Սովածներին բարիքներով լցրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։
54 Իր Իսրայէլ ծառային օգնեց իր ողորմութիւնը յիշելով.
55 Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։
56 Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. Եւ յետոյ դարձաւ իր տունը։
57 Եւ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացաւ, եւ որդի ծնեց։
58 Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. Եւ ուրախանում էին նորա հետ։
59 Եւ եղաւ՝ ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։
60 Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։
61 Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։
62 Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։
63 Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան։
64 Եւ իսկոյն նորա բերանը եւ լեզուն բացուեցաւ. Եւ խօսում էր՝ Աստուծուն օրհնելով։
65 Եւ ահ ընկաւ ամենքի վերայ, որ նորանց չորս կողմովը բնակվում էին. Եւ Հրէաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։
66 Եւ բոլոր լսողներն իրանց սրտերումն էին դնում եւ ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի։ Եւ Տիրոջ ձեռը նորա հետ էր։
67 Եվ նորա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց.
68 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։
69 Եւ փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։
70 Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը.
71 Փրկութիւն մեր թշնամիներիցը. Եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը.
72 Որ մեր հայրերի վերայ ողորմութիւն անէ, եւ իր սուրբ ուխտը յիշէ.
73 Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդուաւ, որ մեզ տայ,
74 Որ մեր թշնամիների ձեռիցն ազատուած աներկիւղ պաշտենք իրան
75 Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։
76 Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ’կոչուիս. Որովհետեւ կ’գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու,
77 Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,
78 Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ.
79 Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. Որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ։
80 Եւ երեխան աճում էր եւ զօրանում էր հոգիով. Եւ անապատներումն էր, մինչեւ այն օրն որ նա երեւեցաւ Իսրայէլին»:
Կարող եք համադրել հետևյալ հատվածների հետ՝
Մատթեոս 1.18-25; Ղուկաս 2.1-40; Մատթեոս 2.1-23: