Ի՞նչ ենք հասկանում սրբություն ասելով։ Սրբություն ասելով՝ հասկանում ենք, թե ինչպիսին է Աստված։

Եբրայեցիս 12.14-ում գրված է.

«Հետևեցեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց Նրան  ոչ ով Տիրոջը չի տեսնի»:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք սուրբ ենք։ Մենք կարո՞ղ ենք Աստծուն տեսնել։ Այսօր աշխարհը կարծես շտապում է ամեն հարցում, բայց կարիք կա մի պահ կանգ առնելու և մտածելու սրբության մասին։

Եկե՛ք տեսնենք, թե ի՞նչ է սրբությունը, ինչո՞ւ է Աստված ուզում, որ մենք սուրբ կյանքով ապրենք և ո՞ւմ է Աստված անվանում սուրբ։

1) Սրբություն նշանակում է նույն կերպ մտածել, ինչպես Աստված։ Դա նշանակում է, որ մենք համաձայն ենք լինում Աստծո հետ ամեն պարագայում, այսինքն՝ չենք սիրում այն ամենը, ինչ Նա չի սիրում և սիրում ենք այն ամենը, ինչ Նա է սիրում։

2) Սուրբ կյանքով ապրող մարդը ձգտում է հեռու մնալ մեղքից, հետևել Աստծո պատվիրաններին և գոհացնել Աստծուն։

3) Սուրբ կյանքով ապրող մարդը փափագում է նմանվել Հիսուս Քրիստոսին և միշտ քայլել Նրա կամքի համաձայն։

4) Սրբության ձգտող անձը լինում է հեզ, երկայնամիտ, համբերատար, բարի և փորձում է կառավարել իր լեզուն։

5) Սրբության ձգտող անձը լինում է ժուժկալ, ո՛չ եսասեր, հրաժարվում է մարմնավոր ցանկություններից։

6) Սրբության ձգտող անձը լինում է հյուրասեր և ցանկանում է պահել Ոսկե կանոնը՝ Մատթեոս 7.12.

«Այն ամենը, ինչ որ կամենում էք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. Որովհետև այս է օրենքը եւ մարգարեները»։

7) Սրբության ձգտող անձն ուրիշների նկատմամբ լինում է ողորմած։ Նա չի ցանկանում վնասել դիմացինին, այլ լավություն է անում նրան։

8) Սրբության ձգտող անձը մաքուր է պահում իր սիրտը։ Եվ ձգտում է հեռու մնալ գայթակղության կայծերից և չի ցանկանում խառնակ կյանքով ապրել։

9) Սրբության ձգտող անձը աստվածավախ է լինում։ Վախենալ ասելով՝ նկատի ունեմ սա՝ երբ երեխան վախենում է իր ծնողից, նա  չի ցանկանում իր ծնողին հակառակ բան անել, քանի որ շատ է սիրում նրան և չի ուզում վշտացնել:

10) Սրբության ձգտող անձը խոնարհ է լինում։ Նա հարգում և գնահատում է բոլորին։

11) Սրբության ձգտող անձը լինում է հավատարիմ իր բոլոր պարտականությունների և քայլերի մեջ։

12) Սրբության ձգտող անձն ունենում է հոգևոր մտածելակերպ։ Նրա համար հոգևոր արժեքներն ավելին են, որովհետև նա սիրում է Աստծուն և ուզում է Նրան հաճեցնել։

Միայն քրիստոնեական անուն կամ քրիստոնեական գիտելիքներ ունենալը բավարար չէ. մենք պետք է լիարժեք ապրենք այդ կյանքով։ Եվ մենք կարող ենք սրբանալ Հիսուսով։

Մենք կարող ենք խնդրել Աստծուն, որ մեզ սրբացնի՝ ասելով հետևյալ խոսքերը.

«Սիրելի՛ Աստված, ազատի՛ր ինձ մեղքի իշխանությունից, սրբացրո՛ւ և սովորեցրո՛ւ ինձ անել Քո կամքը»։

Հովհաննես 15.4-5.«Կացեք ինձանում՝ և ես ձեզանում. Ինչպես, որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որթումը չմնա, այսպես ոչ էլ դուք՝ եթե ինձանում չմնաք։ Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել»։

Աստված մեր բժիշկն է, Ում կարող ենք դիմել ամեն օր։

Նա մեր Մանանան է, որը պետք է ուտենք ամեն օր, և Նա այն ժայռն է, որից կարող ենք մեր ծարավը հագեցնել։

Աղբյուրը՝ decisionmagazine.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.