Իմ ապագան որոշվում է իմ անցյալով և ներկայով. Ջոյս Մայեր
«Որտեղ չկա տեսիլք՝ ժողովուրդը պատժվում է...» (Առակաց 29.18):
Իսրայելացիներն իրենց կյանքի համար չունեին ոչ մի դրական տեսիլք, ոչ մի երազանք: Նրանք գիտեին՝ որտեղից են եկել, բայց չգիտեին՝ ուր են գնում: Ամեն բան հիմնված էր այն ամենի վրա, ինչ տեսել և տեսնում էին: Նրանք չգիտեին, թե ինչպես նայեն իրավիճակներին «հավատքի աչքերով»:
Գուցե դուք դժբախտ անցյալ եք ունեցել կամ եղել եք շատ վատ ու ճնշող իրավիճակներում: Գուցե հիմա եք գտնվում այնպիսի անմխիթար վիճակում, որ թվում է, թե ոչ մի հույս չկա: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ ձեր ապագան չի որոշվում ձեր անցյալով կամ ներկայով:
Փոխե՛ք ձեր մտածելակերպը: Հավատացե՛ք, որ Աստծո հետ ամեն բան հնարավոր է: Մարդն ամեն բան չէ, որ կարողանում է անել, բայց մենք ծառայում ենք այն Աստծուն, Ով ոչնչից ստեղծել է այն ամենն, ինչ տեսանելի է հիմա: Տվե՛ք Նրան ձեր «ոչինչ»-ը և տեսեք, թե ինչ է Նա անելու դրա հետ: Նա ընդամենը ձեր հավատքի կարիքն ունի: Նա ձեզանից ակնկալում է միայն, որ հավատաք, իսկ մնացածը Նա վերցնում է Իր վրա:
Մենք կարիք ունենք լսելու, թե ինչ է ասում Հոգին, և ոչ թե՝ ինչ է ասում այս աշխարհը: Միայն Աստծուն թույլ տուր խոսելու քեզ հետ քո ապագայի մասին: Իսրայելացիներն անընդհատ ետ էին նայում և խոսում էին անցյալում իրենց ունեցած կյանքի մասին: Աստված Մովսեսի միջոցով դուրս բերեց նրանց Եգիպտոսից՝ խոսելով նրանց հետ Ավետյաց երկրի մասին: Նա ցանկանում էր, որ մարդիկ իրենց աչքերը հառեին այնտեղ, ուր գնում էին, և ոչ թե այնտեղ, որտեղից եկել էին:
«Ղովտի հեռանալուց հետո Աստված ասաց Աբրամին. Կանգնածդ տեղից աչքերդ վե՛ր բարձրացրու և նայիր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք: Այն բոլոր երկիրը, որ աչքդ տեսնում է, Ես կտամ քեզ և քո սերունդներին հավիտյան» (Ծննդոց 13. 14-15):
Խորհուրդ եմ տալիս ձեզ ապագային նայել դրական տեսանկյունից և գոյություն չունեցող բաները կանչել որպես գոյություն ունեցող: Ձեր ապագայի մասին մտածեք և խոսեք ոչ թե ձեր անցյալի ու ներկայի համեմատ, այլ այն ամենի, ինչ Աստված դրել է ձեր սրտում:
«Միտքը կռվի դաշտն է» գրքից