Օգնել մոլորվածին սիրո միջոցով. Դեյվիդ Ուիլքերսոն
Որպես Քրիստոսի վկաներ՝ մենք կանչված ենք իրականացնելու անհնարին թվացող մի առաջադրանք: Մենք ուղղորդում ենք աշխարհին վայր դնելու իրենց համար ամենաթանկ բաները՝ իրենց մեղքերը: Նրանց աչքերում քրիստոնեական ուղին՝ մաքրության և սրբության կյանքը, ստրկության ձև է հիշեցնում: Երկնքի մասին մեր գաղափարը նրանց ավելի շատ դժոխք է հիշեցնում: Երբ նրանք լսում են, թե ինչպես ենք մենք խոսում Ավետարանի մասին, դա վիրավորում է նրանց ապրելակերպը: Քրիստոսի Ավետարանը նրանց կոչ է անում ապաշխարել իրենց սիրելի մեղքերից, զղջալ այն ամենի համար, ինչը մերժում է Աստծուն, Ով մահացավ խաչի վրա հենց իրենց համար: Այն կոչ է անում սրբության կյանք ունենալ, երբ տարիներ շարունակ նրանք փորձել են լռեցնել իրենց խիղճը, սպանել ցանկացած հասկացություն, որը կասեր՝ նրանք հաշվետու են լինելու դատաստանի օրը:
Քրիստոսի Ավետարանը նաև ասում է, որ իրենց անձնական բարությունը չի կարող նրանց դարձնել արժանի հավերժական կյանքի համար: Ավետարանը պահանջում է ինքնահավան մարդուց «մեռնել աշխարհի և սեփական եսասիրական նկրտումների համար, դնել սեփական կյանքը ուրիշների բարօրության» համար: Ավետարանը հաստատում է, որ մարդկային՝ սեփական անձի մեծարման զգացումը, Աստծո աչքերում ոչինչ է: Նման Ավետարանը սպառնալիք է անձի «բարձր» արժեքին՝ իր անձնական նվաճումներին, այն բաներին, որոնց վրա նա երկար ու քրտնաջան աշխատել է ձեռք բերելու համար: Եթե նրան ասեք, որ իր արդարությունը փրկության արժանի չէ, նա ձեզ կարհամարհի: Իր խաչելությունից առաջ՝ աշակերտների հետ ունեցած վերջին ժամերին, Հիսուսը նախազգուշացրեց. «Բոլորդ հալածվելու եք» (տե՛ս Հովհաննես 16.2):
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն ասաց. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք» (Հովհաննես 13.34):
Ուշադրություն դարձրե՛ք, որ սա ինչ-որ տարբերակ չէր, սա պատվիրան էր: Եվ հենց այստեղից էլ պետք է սկսվեն բոլոր ավետարանական ջանքերը: Հիսուսի խոսքով միայն այս տեսակ սերը հավատակիցների հանդեպ կարժանանա մոլորված սերնդի ուշադրությանը: Դա այն նույն ինքնազոհ սերն է, որը Հիսուսը ցույց է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Քրիստոսով մեր քույր եւ եղբայրների հանդեպ այդպիսի սերը հնարավոր չէ իրականացնել միայն խոսքով, այլ պետք է լինի արտահայտված նաև գործով:
Աշխարհին պետք են Աստծո սիրո «պատկերավոր» քարոզները՝ անձնական հզոր օրինակները: Հովհաննես 17.21-ում Հիսուսն աղոթեց հետևյալ խոսքերով. «Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. Որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ»:
Սիրելի՛ սուրբ, հնազանդվի՛ր Նրա այս պատվիրանին և հիշի՛ր Նրա Խոսքը. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմն եք» (տե՛ս Հովհաննես 13.35):
Սիրե՛ք ուրիշներին այնպես, ինչպես Հիսուսն է սիրում նրանց և տեսե՛ք, թե ինչպես է Աստված գործում այդ սիրո միջոցով:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը