Հիսուսի նման սուրբ. Գարի Ուիլքերսոն
«Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.16): Հիսուսի կյանքում երկու կարևոր տարր կար, որոնք պետք է լինեն մեր կյանքի մի մասը ևս: Այսինքն՝ մենք պետք է սուրբ և օծված լինենք: Որոշ քրիստոնյաներ դա լսելիս կարող են երկմտել.«Իհարկե՛, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ապրեմ բարոյական եւ աստվածավախ կյանք, բայց սո՞ւրբ: Եվ օծվա՞ծ: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ իմ բոլոր անհաջողությունների հետ մեկտեղ»:
Բայց դա երևում է նաև անմիջապես Պետրոսի գրչից: Միակ ճանապարհը, որ դա կարող է տեղի ունենալ, այն է, երբ մենք ստանանք Հիսուսի սրբությունը և օծությունը։ Եվ դա հենց այն էր, ինչ Նա արեց մեզ համար զոհաբերվելով: Երկրի վրա Քրիստոսն ապրում էր անբիծ կյանքով, և երկրի վրա Իր ապրած կատարյալ կյանքն անվերջանալի շնորհ է մեր մեղքերի փոխհատուցման համար։
Քրիստոսի գործը՝ Նրա խաչելությունը, մահը և հարությունը, ավելին էր, քան մեր մեղքերից ազատագրումը: Դրանով Նա մեզ փոխանցեց նաև Իր արդարությունը: Մտածե՛ք, թե սա ինչ զարմանալի բան է. չնայած մեր ամբողջ մեղքը Նրա վրա ընկավ, բայց Նրա ամբողջ արդարությունը մեզ վրա է:
Մեղքերից մեկը, որից Աստված մեզ ազատագրում է, այն խորը հավատն է, որ մեր վարքը մեզ կարող է արդարացնել։ Մենք մեր սեփական ուժերով երբեք չենք կարող արդարացնել մեզ: Մենք արդարանում ենք միայն Նրանով։ Հենց դա է մեր հաղթանակը։ Ինչպես վկայում է Պողոսը. «Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. Այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով» (Փիլիպպեցիս 3.9):
Դուք կարող եք սուրբ զգալ միայն այն օրերին, երբ ամեն բանում բարիք եք գործում, երկրպագում և մեծարում Աստծուն ամեն կերպ: Բայց դա սրբության հասնելու տարբերակը չէ: Միայն Հիսուսի արյունով է հնարավոր սրբանալ: Այսպիսով, Նրա զորությամբ մենք դառնում ենք Նրա արժանի վկաները ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլև՝ դժվարին:
Հիսուսն ասաց. «…ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում» (Հովհաննես 14.12):
Մեր հավատքի բանալին այն է, որ Նա արդեն ամեն բան իրագործել է։ Ընդունե՛ք Նրա սրբությունն անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք ձեր մասին, և ստացե՛ք Նրա օծությունը՝ իրագործելու ձեզ համար պատրաստած ծրագրերը: Նա կբացի յուրաքանչյուր դուռ և կտեսնե՛ք, թե ինչպես է Նա անսպասելի հրաշքներ գործում ձեր կյանքում:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը