«Աչքով տալն» ու մեր պաշտպանությունը
Բոլորիս կյանքում էլ շատ լավ իրադարձությունների հետ մեկտեղ կամ զուգահեռ պատահում են նաև շատ լուրջ, վատ ու տհաճ դեպքեր: Վատ դեպքերի ժամանակ տարբեր արձագանքներ, տարբեր կարծիքներ և տեսակետներ են հնչում, բայց վերջերս, որ սկսեց ինձ առավել անհանգստություն պատճառել, «աչքով են տվել» արտահայտությունն էր:
Համաձայնեք, որ մեկ անգամ չէ, որ լսեք եք այդ արտահայտությունը, ինչպես նաև ականատես եղել դրանից «պաշտպանվելու» ինչ-որ տարբերակների կամ այլ արտահայտությունների:
Նախկինում, ինչպես և հիմա, համոզված էի, որ «աչք» ասվածը չի կարող «կպնել» այն մարդկանց, ովքեր Աստծո իշխանության ներքո են, ովքեր ընդունել են Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ և հետևում են Նրան, բայց եղել են օրեր, երբ մտածմունքներն այնքան են տանջել, որ փորձել եմ Աստվածաշնչով հաստատել համոզմունքս:
Կա՞ արդյոք «չար աչք» կամ «աչքով տալ» ասվածը, այո՛, միանշանակ կա, քանի որ չարը կա և շատերը ենթարկվում են այդ չարին: Սակայն թե ում կարող է «կպնել» այդ աչքը, ա՛յ սա կարևոր հարց է:
Մի այսպիսի խոսք հանդիպեցի Աստվածաշնչում, որ ասում է.
«Մարդուց դուրս եկողն է պղծում մարդուն, որովհետև ներսից մարդկանց սրտից է դուրս գալիս ... չար աչքը... և մարդուն պղծում» (Մարկոս 7.20-23): Այս խոսքում որոշ բառերի կողքին կարդում ենք նաև «չար աչք» արտահայտությունը, սակայն այս հատվածն ինքն իրեն պղծելու մասին է, այսինքն՝ մարդն իր «չար աչքով» իրեն է վնասում, ինչպես նախանձի դեպքում է:
Երբ գալիս են դժվարին պարագաներ, բացասական դեպքերի համընկնումներ, հոգևոր մարդկանց կյանքում ևս չարը կարող է փորձել տարատեսակ մտքեր առաջացնել, բերել վախ ու անհանգստություն:
Երբ գալիս է նման պարագա, պարզապես պետք է Հիսուսի անունով հեռացնել ամեն չար միտք, մոտենալ Աստծուն, և հենց այդ պարագայում էլ Աստվածաշունչը երաշխավորում է մեզ կատարյալ հաղթանակ՝ «Հակառակ կանգնեք սատանային, և նա կփախչի ձեզանից: Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4. 7-8):
Որևէ այլ բան մեզ չի կարող պահել չարից, այդ թվում նաև ցանկացած սնոտիապաշտական իր, որ մենք կրում ենք, փակցնում մեր տներում կամ կախում մեր դռներից: Պաշտպանել կարող է միայն ու միայն Աստված:
Եթե դու ունես վախեր ու անհանգստություններ, մոտեցի՛ր Աստծուն, անկեղծորեն աղոթիր ու խնդրիր Նրա պաշտպանությունը: Իսկ որպես հոգևոր մարդ՝ մեզնից յուրաքանչյուրը պիտի ավելի քան վստահ լինի, որ քանի դեռ մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, քանի դեռ մեր ձեռքին ունենք հավատքի վահանը, ո՛չ որևէ «չար աչք», ո՛չ էլ չարի կրակոտ նետերը մեզ չեն կարող վնասել: Չէ՞ որ մեր պաշտպանը ամենակարող Աստված է:
Թո՛ղ Աստծո խաղաղությունը տիրի մեր մտքերում, սրտերում և ընտանիքներում ու Նրա պաշտպանությունն ամենուր ուղեկցի մեզ: Ու չմոռանանք Աստվածաշնչում հանդիպող ամենաշատ հորդորներից մեկին, որ տալիս էր անձամբ Ինքն Աստված՝ «Մի՛ վախեցիր»:
Հեղինակ՝ Էսթեր Զաքարյան