Մի հրապուրվիր փոքրիկ հաղթանակով. Արտավազդ Թադևոսյան
Ղուկ. 18.1 - «...պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ»։
«Աղոթքը շարժում է այն ձեռքը, որ կարող է շարժել երկիրը» Չարլզ Սպերջեն:
Մեր երկրի Ապրիլյան ցավալի իրադարձությունները իրավիճակ փոխեցին մարդկանց մեջ։ Այդ օրերին մենք համախմբվեցինք, մեկ բռունցք դարձանք, միաբանվեցինք, մեկս մյուսին օգնելու ձեռք մեկնեցինք։
Այդ օրերին նկատում էի, թէ որքան բարի են դարձել մարդիկ մեկը մյուսի նկատմամբ՝ թե՛ խոսելիս, թե՛ մեքենա վարելիս, թե՛ գործնական հանդիպումների ժամանակ, բոլորը շատ բարյացակամ էին միմյանց նկատմամբ։ Եվ որպես հոգևոր մարդ՝ ինձ համար շատ կարևոր էր նաև տեսնել, թե ինչպես գրեթե բոլոր եկեղեցիները սկսեցին անդադար աղոթքի շղթա-ծառայություններ ունենալ։
Հայտարարվեցին լրացուցիչ աղոթքաժողովներ, ծոմապահություններ, գրեթե բոլոր եկեղեցիները մեկ միտք և գործողություն ունեին այդ ընթացքում, և դա աղոթքն էր։ Շատ եկեղեցիներ իրենց կիրակնօրյա ժողովներն անցկացրին պարզապես աղոթքի մեջ։ Համացանցը հեղեղվեց «Աղոթենք խաղաղության համար» կարգախոսերով, անգամ մարդիկ, ովքեր Աստծո նկատմամբ այդքան էլ հավատք չունեին, նրանք էլ սկսեցին աղոթել։
Ես միշտ ասել եմ, որ մենք չենք սիրում աղոթել, և աղոթքաժողովներն ամենասակավամարդ ժողովներն են։ Բայց այս օրերին իրավիճակը փոխվել էր. դրանք դարձել էին ամենամարդաշատ հավաքույթները։ Մարդկանց աղոթքն էր փոխվել, նկատեցի՝ ինչ եռանդով էին աղոթում Աստծուն, ինչ կարեկցանքով և ինչ սրտացավությամբ։ Նկատեցի, որ հոգսառատ մարդիկ իրենց հոգսի մասին մոռացել էին և հիմնականում իրենց հոգսը դարձրել էին երկրի վիճակը։
Նկատեցի, որ մարդիկ աղոթում էին ոչ միայն հայրենիքի և սեփական ժողովրդի համար, այլ նաև հակառակորդ երկրի և այդ ժողովրդի համար, որ Աստված ողորմություն անի և այդ ազգն էլ ճանաչի Աստծուն և ունենա աստվածային արժեքներ՝ ինչպես աստվածաշունչն է պատվիրում աղոթել թշնամիների համար։
Նկատեցի, որ շատ անգամ կառավարությունից բողոքող մարդիկ մեծ սիրով և կարեկցանքով էին աղոթում երկրի նախագահի և մյուս իշխանավորների համար, ինչպես Աստվածաշունչն է պատվիրում մեզ։
Ա Տիմ. 2.1-2 - «Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար, Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով»։
Եվ ինձ հարց եմ տալիս, մի՞թե մեզ միայն այսպիսի ցավ է պետք, որ համախմբվենք, մի՞թե այսպիսի նեղությունը մեզ միայն կմիաբանի, մի՞թե այսպիսի հոգսը մեզ կստիպի ապրել ուրիշի հոգսով, մի՞թե միայն այսպիսի չարությունը մեզ բարի կդարձնի, մի՞թե միայն այսպիսի անկայուն վիճակը մեզ կկայունացնի, մի՞թե միայն պատերազմական իրավիճակը կկանգնեցնի արտագաղթը և անգամ կնպաստի ներգաղթի, մի՞թե միայն այսպիսի վտանգը կհիշեցնի մեզ Աստծո մասին և աղոթել կտա, մի՞թե միայն…
Կարող ենք շատ բաներ թվարկել այս կարճ օրերի ընթացքում, որ տեղի ունեցավ մեր ազգի մեջ, որոնք հաճելիորեն զարմացրին մեզ։ Այո՛, մեր ցավը շատ մեծ է, մեր հոգսը շատ մեծ է, մեր նպատակը դժվար հասանելի, բայց այս օրերը ցույց տվեցին, որ հնարավոր է, մեզ մոտ ստացվում է։
Սիրելի հայ քրիստոնյա, ուզում եմ քաջալերել քեզ այսօր, որ չհրապուրվես փոքր հաղթանակով, այլ շարունակես լինել բարի, արդար, կարեկցող, մաքուր և աղոթող՝ ինչպես այդ օրերին էինք։
Խնդրում եմ քեզ, վերստին ծնված քրիստոնյա, շարունակական աղոթքի մեջ լինենք մեր երկրի և ժողովրդի համար։ Որովհետև մենք ստացանք մեր աղոթքների պատասխանը տարբեր կերպերով, և դա ապացուցեց, որ Աստված լսում է մեր աղոթքները։ Եթե մենք շարունակենք ջերմեռանդ աղոթքները մեր երկրի, ժողովրդի և տարածաշրջանի խաղաղության համար, ապա մենք այն կտեսնենք, ինչպես և տեսանք հրաշքներ այս օրերին։
Եկեք ամեն մեկս մեր կարողությամբ մեր գործին հավատարիմ լինենք. զինվորը՝ իր զգոնությամբ, կարգապահությամբ և զենքով, իսկ հոգևորները՝ իրենց հոգևոր կեցվածքով, բարեխոսական աղոթքով և ավետարանի բարի լուրով կանգնեն Աստծո և ժողովրդի առաջ հանուն երկրի և ժողովրդի։
Աստված դեռ շատ է օրհնելու մեր երկիրը, և մենք լինելու ենք հզոր պետություն։ Բայց միևնույն ժամանակ լինելու ենք հզոր մեր բարոյականությամբ և հավատքով։
Աղոթքը անասանելի հզոր ուժ է, որովհետև այն գործի է դնում ամենակարող Աստծուն ում առջև անհնարին ոչինչ չկա։