3 պատճառ՝ քո այսօրվա հույսի համար
Որո՞նք են այն պատճառները, որ այսօր կարող են քեզ հույս տալ: Ահա երեք պատճառ, որոնք կարող ես օգտագործել քո հույսի համար հենց հիմա.
- Քո փրկության հավաստիությունը
Քրիստոնեական հավատքը, ի տարբերություն աշխարհի մյուս հավատքների, ոչ միայն հույս է, այլ նաև՝ գիտակցություն: Աստվածաշնչյան հույսի բացատրությունը և պատճառները էապես տարբերվում են աշխարհի հույսից:
Որևէ մեկը կարող է հուսալ, որ իրենց թիմը կհաղթի մրցաշարում, մյուսը կարող է հուսալ, որ մի օր իր աշխատավարձը կբարձրացնեն, մեկ ուրիշը կարող է հուսալ, որ իր մեքենան չի վնասվի և այլն:
Բայց քրիստոնյաները ունեն ամեն պատճառ հույսի համար, քանի որ Հիսուսն ասել է. «Այն ամենը, որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կգա, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանիլ։ Որովհետև ես իջա երկնքից. որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Սա է ինձ ուղարկող Հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվեց. նրանից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցանեմ նրան (Հովհաննես 6.37-39):
Մեկ այլ հատվածում գրված է. «Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքիցը։ Իմ Հայրը, որ նրանց տվեց ինձ, ամենից մեծ է, և ոչ ոք կարող չէ իմ Հոր ձեռքիցը հափշտակել նրանց (Հովհաննես 10.28-29):
Կա՞ արդյոք ավելի մեծ հույս, քան սա է: Աստված չի մոռանում իր խոստումները:
2. Մահը դեռ վերջը չէ
Երբ մենք մահանում ենք հավատքի մեջ, մենք իրականում չենք մահանում, որովհետև այն րոպեին, երբ մենք փակում ենք մեր աչքերը ֆիզիկական կյանքում, արթնանում ենք Աստծո փառքի մեջ:
Պողոսը Կորնթացիներին ասում էր.
«Եվ երբ որ այս ապականացուն անապականությունը կհագնի, և այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, թե մահն ընկղմվեցավ հաղթության մեջ»։
Դ.Լ. Մուդին ասել է. «Եթե մի օր դուք թերթում կարդաք, թե Մուդին մահացել է, մի հավատացեք, որովհետև այդ րոպեին ես ավելի կենդանի եմ լինելու, քան հիմա եմ»:
3. Աստված վերահսկում է
Ոչինչ Աստծուն անակնկալի չի ենթարկում: Ամեն բան, որ կատարվում է, բարիին գործակից է լինում մեզ համար (Հռոմեացիս 8.28): Բայց դա չի նշանակում, որ ամեն բան բարի է, այլ դա նշանակում է, որ նույնիսկ վատ բաները մեր լավագույնի համար են տեղի ունենում:
Մի հայտնի պատգամաբերի մի օր մեծ հնարավորություն է ընձեռնվում մեծ դահլիճի առջև ավետարանելու, բայց մինչ այդ նա ընկնում է և կոտրում իր ոտքը: Մինչ նա հիվանդանոցում է լինում, մտածում է, թե ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա իր կյանքում, չէ՞ որ նա պետք է ավետարանը քարոզեր այդքան մարդկանց:
Այդ ընթացքում բժիշկները հայտնաբերում են երակի խցանում (թրոմբ) այդ ոտքի մեջ, որը չհայտնաբերելու դեպքում այն կարող էր հարված հասցնել ուղեղին, և այդ մարդը մահանար: Ահա ևս մի օրինակ, որ վատ թվացող երևույթով Աստված փրկեց այդ մարդու կյանքը:
Աստված վերահսկում է ամեն իրավիճակ, հանգիստ եղեք:
Հեղինակ՝ Ջեք Վելման,
Աղբյուրը՝ faithinthenews.com
Թարգմանեց Էսթեր Զաքարյանը