Կարեկցանքը բնազդ չէ, այլ՝ նվաճում. Բարի սամարացու առակը
«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր դեպի Երիքով...» (Ղուկաս 10. 25-37):
Մի մարդ։ Եվ չպետք է լինի ոչ մի ածական. առաքինի կամ մեղավոր, հարուստ կամ աղքատ։ Կարող է մինչև իսկ վատահամբավ մեկը լինել, կամ ինքն էլ՝ մի ավազակ։ Մարդն է, յուրաքանչյուր մարդ։
Նրա անունն է. մերկացված, ծեծված, միայնակ, կիսամեռ թողնված։ Մշտատև անուն. ամենուր աշխարհը հեծեծում է՝ կտրված զարկերակներից արյուն հոսեցնելով։ Արցունքների մի վիթխարի բեռ կա այն ամեն ինչի մեջ, որ ապրում է։
«Մի քահանա իջնում էր այդ նույն ճանապարհով»։ Եվ առաջինը, որ անցնում է, մի քահանա, շրջանցում է նրան, խուսափում է նրանից, «անցնում է անդին»։ Բայց որտե՞ղ է այդ «անդին»ը։ Ի՞նչ կա «անդին»։ Մարդուց անդին չկա ոչինչ, կա աբսուրդը, անօգուտը։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինքը կապված չէ մարդու ճակատագրին, ոչ ոք չի կարող ասել. «Ես կապ չունեմ»։ Բոլորս միևնույն ճանապարհի վրա ենք, միևնույն պատմության ներսում. փրկվելու կամ կորչելու ենք բոլորս միասին։ «Մի սամարացի, մինչդեռ, կարեկցանք զգաց, մոտեցավ նրան»։ Անսահման լիցք պարունակող, երկու գեղեցկագույն բառեր։ Բառեր, որոնցից մարդկային որակ է ճառագայթում։ Մարդկային որակ չկա առանց կարեկցանքի և առանց մոտիկության։ Կարեկցանքը զգացմունքների մեջ ամենանվազ զգացմունքայինն է, նվազ մեղրահամը, նվազ զգացականը։ Կարեկցանքը «կարիքին կցվելը», «միասին տառապելն» է։
Իջնում է ձիուց, կքվում է, և գուցե վախենում է նաև, թերևս մտածում է, որ այդ մարդու վրա հարձակված ավազակները դեռ մոտակայքում են կամ տեսարանն ընդամենը ծուղակ է։ Բայց կարեկցանքը բնազդ չէ, կարեկցանքը ձեռքբերում է, նվաճում։ Մոտիկությունը դա մի նվաճում է, որն իր ուշադրության կենտրոնում դնում է մյուսի ցավը, ո՛չ թե սեփական զգալը։
Եվ կան միմյանց հաջորդող տասը բայեր՝ նկարագրելու համար սերը. տեսավ, գթաց, իջավ, լցրեց, փաթաթեց, գրկեց, բարձրացրեց, ... մինչև տասներորդը. ետ վերադարձիս կվճարեմ, եթե հարկավոր լինի։ Սա նոր տասնաբանյան է, նոր տասը պատվիրանները յուրաքանչյուր մարդու, հավատացյալ լինի, թե՝ ո՛չ, որպեսզի մարդը մարդ լինի, որպեսզի երկիրը բնակեցված լինի «մոտիկներով», որպեսզի ստեղծվի ու կիրառվի աշխարհի ու պատմության մի նոր ճարտարապետություն։ Հարցնում են Հիսուսին. «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կյանքով լի լինեմ». «Ինչպե՞ս կարելի է մարդ լինել, և մնալ»։ Հիսուսը պատասխանում է մեկ բայով. «Պիտի սիրես» և մի պատմությամբ, որի մեջ ամփոփված է Պատմության հնարավոր լուծումը, աշխարհի և յուրաքանչյուր մարդու ճակատագիրը։
Մեր ողջ ապագան կայանում է մեկ բայի մեջ՝ «Դու պիտի սիրես »։ Ապառնի եղանակով գործածված մի բայ, որովհետև սա երբեք չեզրափակվող գործողություն է, որովհետև տևելու է այնքան, որքան տևելու է ժամանակը։ Որովհետև մի ծրագիր է, և միակն է։ Հարկադրանք չէ, այլ՝ անհրաժեշտություն է ապրելու համար։
Ի՞նչ պետք է անեմ վաղը՝ կյանքով լի լինելու համար։ «Դու պիտի սիրես»։
Ի՞նչ պետք է անեմ եկող տարի և իմ ապագա տարիներին։ «Դու պիտի սիրես»։
Իսկ մարդկությո՞ւնը, նրա ճակատագիրը, նրա Պատմությունը։ Միայն սա. «Դու պիտի սիրես»։
Մի առակ՝ Ավետարանի կենտրոնում, իսկ առակի կենտրոնում ՝ մի մարդ։ Եվ մի բայ. «Դու պիտի սիրես»։ «Գնա՛, և դու էլ նույնն արա»։ Եվ կգտնես կյանքը։
Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի «Շնչել Քրիստոսին» («Respirare Cristo») գրքից
Աղբյուրը՝ mashtoz.org