Ավիցեննայի հայտնի փորձարկումը և ներկա լրահոսը
Ավիցեննան հայտնի բժիշկ էր, փիլիսոփա և գիտնական, ով ծառայել է պարսկական արքունիքում:
Նույն փարախի երկու գառներին տեղավորում են երկու վանդակների մեջ և կերակրում նույն կերպով: Բայց գառներից մեկի առջևի վանդակում մի վանդակ կար, որտեղ գայլը սոված և ագրեսիվ հայացքով հետևում է գառանը:
Փորձի սկզբում երկու գառներն ունեցել են մարմնի մոտավորապես նույն քաշը: Որոշ ժամանակ անց գառնուկը, որը ՉԷՐ տեսել գայլին, կայտառ էր և փարթամ:
Իսկ մյուսը, որն անդադար տեսնում էր գայլին, ընկճված էր, հյուծված և նվաղ, իսկ բուրդը՝ կոշտ:
Այս փորձը փաստում է, որ հոգեվիճակը մեծ ազդեցություն ունի մարմնի ֆիզիոլոգիական վիճակի վրա:
Ահա, թե ինչ է տեղի ունենում այն մարդու հետ, ով անդադար հետևում է ժամանակակից լրատվամիջոցներին։ Դրանք հյուծում և ահաբեկում են մարդուն, ազդում ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, սերմանում վատատեսություն և գաղջություն։
Մեր օրերում լրատվական դաշտը լի է կեղտոտ ապատեղեկատվությամբ, մանիպուլյատիվ լուրերով, որոնք մոլորեցնում են հասարակությանը։ Իհարկե ոչ բոլոր, բայց շատ լրագրողներ գիշատչական բնազդով զբաղված են հասարակությանն անդադար շոկի մեջ պահելու, բամբասանքի մակարդակի տեղեկատվական կեղտաջրեր տարածելու և պատվերով կոմերցիոն հոդվածներ ու հրապարակումներ անելու գործով։
Եվ ժամանակակից մարդը որքան հեռու մնա ներկա լրահոսից կամ էլ յուրաքանչյուր տեղեկատվություն ընդունի բացառապես ֆիլտրացված, այնքան ավելի առողջ կլինի թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես։
Մի՛ դարձեք որս և մի՛ ահաբեկվեք լրատվական գայլերի ոռնոցներից, պարզապես սթափ գնահատեք ամեն իրավիճակ, փորձեք վերլուծել ցանկացած կասկածելի տեղեկատվություն։
Մի խոսքով, թեպետ աղավնու պես միամիտ լինեք, միաժամանակ օձի խորագիտության մասին մի՛ մոռացեք։
Վազգեն Զոհրաբյան