Առանց Սուրբ Հոգու չկա քրիստոնեական ընթացք, չկա մխիթարություն, չկա հոգու պտուղ
Սիրելի՛ Աստծո սիրելի՛ զավակներ, այսօր քրիստոնեական աշխարհը տոնում է Հոգեգալուստը։ Տոն, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը Քրիստոսի աշակերտների վրա նրա համբարձումից 10 օր անց։
Սուրբ Հոգու հեղմամբ սկիզբ դրվեց Քրիստոսի եկեղեցու, որը փրկության տապան է հավատացյալների համար։
Եվ մենք տոնում ենք ոչ միայն Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա, այլև նրա մուտքն ու գալուստը մեր կյանքում։
Թող օրհնյալ լինի նրա ներկայությունը մեր սրտերի մեջ, թող Աստծու Սուրբ Հոգին իր թևերով խաղաղություն և սեր սփռի մեր խռովված ու տագնապած սրտերի մեջ։
Առանց Սուրբ Հոգու չկա քրիստոնեական ընթացք, չկա մխիթարություն, չկա հոգու պտուղ։ Նա է, որ մեզ առաջնորդում է դեպի ճշմարտությունը, հանդիմանում է, երբ մեղք ենք գործում, մխիթարում է, երբ սգում ենք, զորություն է տալիս, երբ տկար ենք, ընկեր է, երբ մենակ ենք, ջերմություն է, երբ սառած ենք։
Հրավիրենք նրան մեր կյանքի մեջ, լսենք նրա ձայնը, լցվենք նրա ներկայությամբ, բոցավառվենք նրա կրակով, հագենանք նրա ջրերից։
Ու թող Սուրբ Հոգու աղավնին թևածի նաև Հայոց աշխարհիս, ազգիս, երկրիս վրա և ամեն մեկիս ընտանիքում։
Վազգեն Զոհրաբյան