Աստված կառաջնորդի Իրենից երկյուղ ունեցողներին
«Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, նրան է սովորեցնելու Իր ընտրելիք ուղին: Նրա անձը բարության մեջ է բնակվելու, ու նրա սերունդը երկիրն է ժառանգելու» (Սաղմ. 25․12-13)
Ոչ շատ տարիներ առաջ եղել է ժամանակ, երբ հոգևորը նկարագրվում էր շատ պարզ՝ «աստվածավախ մարդ»: Բայց մոդեռն ժամանակաշրջանում ասացին, որ Նրանից վախը անարգում է Նրա ողորմությունն ու բարությունը, և ապա սկսվեց նոր մտքի ժամանակահատվածը. «Աստված, անկախ հանգամանքներից, միշտ սիրում է բոլորին»: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծո վախը իմաստության սկիզբն է: Այն մարդը, ով ունի Աստծո երկյուղը, նա առաջնահերթ մտածում է Աստծո մասին՝ իր բոլոր գործողություններում, և իր ցանկությունների կառավարող գործոնը Աստծուն հաճեցնելն է: Դա արդար մարդու կյանքում գերակշռող շարժառիթային գործոնն է:
Այն մարդը, որ ունի Աստծո երկյուղը, կարիք չունի վախենալու այլ բաներից: Իսկ այն մարդը, որ չունի Աստծո երկյուղը, պետք է վախենա յուրաքանչյուր սպառնալիքից, քանզի չունի հիմնարար պաշտպանություն:
Աստվածավախ մարդը կսովորի, քանզի Աստված Ինքը կուսուցանի նրան: Նա կառաջնորդվի, քանզի Բարի Հովիվը զգուշորեն կուղեկցի իրեն: Աստված կսովորեցնի իրեն ընթանալ ճշմարիտ ուղիով՝ ճիշտ գործեր կատարելու և ճիշտ որոշումներ կայացնելու:
Շատ մարդիկ թյուրիմացաբար ակնկալում են, որ Աստված կտա մեզ ճանապարհային քարտեզ, սպառիչ հրահանգների մի շարք, որ երբ ինչ-որ հարց կամ խնդիր առաջանա, մենք ուղղակի կարիք կունենանք բացելու մեր քարտեզը կամ հրահանգների գիրքը և առաջ ընթանալու: Ո՛չ իհարկե, դա այդպես չէ, քանզի եթե դա ճիշտ լիներ, մենք կվերցնեինք դա և կքայլեինք Աստծուց հեռու, քանզի այլևս Նրա կարիքը չէինք ունենա:
Աստծո երկյուղ ունեցողները քայլում են Նրա հետ: Մենք ունենք Աստվածաշունչ, որը մեզ տալիս է արդար սկզբունքներ, բայց երբեմն մեր ամենօրյա կյանքի ընթացքին վերաբերող մանրամասներ չենք գտնում այնտեղ, քանզի Աստված կընտրի այն ժամանակը, երբ մենք կարիք կունենանք անելու այդ ընտրությունը: Նա կընտրի մեր ճանապարհը և կառաջնորդի քայլելու այդ ճանապարհով: Մեզ՝ քրիստոնյաներիս, մխիթարում է այն փաստը, որ գիտենք՝ Աստված է պատվիրում մեր քայլերը: Ահա սրա համար է ասվում. «Նրա անձը բարության մեջ կբնակվի»: Այսինքն՝ նա անընդհատ չի անհանգստանալու, թե արդյոք ճիշտ քայլ է անում:
Արդարների սերունդը նրանք են, որոնք ծնվել են վերից՝ ծնվելով Հոգուց։ Նրանք կապրեն հավերժ և կժառանգեն ամեն բան:
Հեղինակ՝ Քոնրեդ Մյուռել
Աղբյուրը՝ illbehonest.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը