Ո՞վ է նա, անմիտ կամ հիմար մարդը Առակաց գրքից:

Հիմարին բացահայտում են նրա արարքները: Հասկանալու համար, թե ով է հիմարը և ինչպես չդառնալ այդպիսին, օգտակար է ուշադրություն դարձնել Առակաց գրքին: Այստեղ Սողոմոնը նկարագրում է հիմարների վարքի յոթ տեսակ:

  1. «Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը»: Առակաց 1.22

Հիմարները չեն սիրում սովորել: Նրանք չեն անհանգստանում որևէ բան կարդալու, սովորելու համար կամ լսելու նրանց, ովքեր գիտեն ավելին: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն: Ինչ-որ նորը նրանց շթոփեցնում է. չէ՞ որ այդ նորն ու անծանոթն այնքա՜ն շատ է: Սովորելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն նրանք մերժում են այդ ամենն ու առաջնորդվում «ներքին զգացողությամբ»:

2. «Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց»: Առակաց 1.32

Հիմարները մտածում են, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինքնագոհությունը ենթադրում է, որ վաղը կլինի, ինչպես այսօր, և անհրաժեշտություն չկա պատրաստվելու խնդիրներին կամ ծանր ժամանակներին: Երբեմն հիմարներն ենթադրում են, որ Աստված թույլ չի տա ոչ մի վատ բան: Բայց մենք պետք է պատրաստվենք նրան, ինչ մեզ սպասվում է առջևում, քանի շատ ուշ չէ:

3. «Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է»: Առակաց 10.18

Հիմարները ստոր են: Քրիստոնյաները պետք է խոսեն ուղիղ ու ճշմարիտ, սակայն հիմարները վրդովվում են մարդկանցից, ովքեր իմաստուն կամ տաղանդավոր են իրենցից և անում են ամեն հնարավորը, որպեսզի չձախողվեն: Սա կարող է տեղի ունենալ եկեղեցում, որտեղ հիմար մարդիկ քայքայում են Ավետարանի գործը, քանի որ նախանձում են նրանց, ովքեր կանչված են քարոզելու և սովորեցնելու իրենց:

4. «Յիմարի ճանապարհնուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է»: Առակաց 12.15

Հիմարները ոչ ոքի չեն լսում: Մենք բոլորս գիտենք այդպիսի մարդկանց: Նրանք վայելում են սեփական ձայնի հնչողությունը և չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է ունենալ գոնե կեսով չափ այդպիսի հետաքրքիր միտք: Բայց ինչպես ասվում է անգլիական ասացվածքում, մենք ունենք երկու ականջ և մեկ բերան. լսելն ավելի կարևոր է, քան՝ խոսելը:

5. «Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ»: Առակաց 14.9

Հիմարները չեն զղջում: Իմաստուն և բարեպաշտ մարդու առանձնահատուկ գծերից է այն, որ նա պատրաստ է ընդունել իր սխալը: Հիմարը կանի ամեն բան, որ չխոստովանի, թե մեղք է գործել կամ թույլ է տվել սխալ: Խոնարհաբար ընդունելով մեր թերությունները՝ մենք դառնում ենք Քրիստոսի աշակերտները:

6. «Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ»: Առակաց 17.12

Հիմարները վտանգավոր են: Արջը, ումից վերցրել են ձագերին, չափազանց վտանգավոր է: Ամենաիմաստուն բանը, որ կարելի է անել, փախչելն է, որքան հնարավոր է հեռու և արագ: Այս ասացվածքը ցույց է տալիս հիմարության հետևանքներից մեկը՝ մարդիկ տառապում են եսակենտրոն, դաժան, տգետ դատողություններից:

7. «Ցանկալի գանձ եւ իւղ կգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կտայ նորան»: Առակաց 21.20

Հիմարները չեն հետաձգում հաճույքները: 1960-ական և 70-ական թվականներին տեղի ունեցավ հանրաճանաչ Ստենֆորդյան զեֆիրային փորձը:  Երեխաներին առաջարկվեց ոչ մեծ մրցանակ հիմա կամ զգալիորեն մեծն այն դեպքում, եթե մի փոքր սպասեն: Նրանք, ովքեր չկարողացան զսպել, կյանքի ընթացքում ցույց տվեցին վատագույն ձեռքբերումներ, քան նրանք, ովքեր որոշեցին սպասել: Զսպվածության և հեռատեսության բացակայությունը հիմարություն է, ինչպես գրված է Առակաց գրքում:

Աստվածաշունչը հիմարների մասին չի խոսում, որ ծաղրի, այլ որ մեզ ցույց տա, թե ինչպես խուսափել հիմարությունից մեր սեփական կյանքում: Դեպի իմաստություն առաջին քայլը գիտությունն է, թե ինչպես չլինել հիմար:

Աղբյուրը՝ light-journal.info

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.