Երբ մոռանում ես, թե ով ես դու, հիշի՛ր՝ դու Աստծո զավակն ես
Երբ ծանր բեռ կա քո ուսերին, երբ քեզ զգում ես հուսալքված ու չգիտես՝ ինչպես լինել ազատ, երբ սիրտդ կոտրված է, չգիտես ինչ ուղղությամբ գնալ և ամեն բան սարսափելի վիճակում է, հիշի՛ր, որ դու Աստծո զավակն ես։
Դո՛ւ ամենակարող Աստծո դուստրն ու որդին ես. Նա սիրում է քեզ, և դու Նրա համար շա՜տ թանկ ես։
Այո՛, կլինեն օրեր, երբ ուժ չես ունենա պայքարելու, քեզ կզգաս լքված ու միայնակ, գուցե շեղվես քո նպատակակետից, բայց հիշի՛ր՝ այդ ամենի համար պատճառ կա։
Հիշի՛ր, որ դու սիրված ես, և մի՛ երկմտիր դրանում։ Այո՛, կլինեն անկումներ կյանքում, բայց մի՛ մոռացիր՝ Աստված չի լքել քեզ։ Հիշի՛ր, որ դու պատկանում ես Նրան։
Օրերն ու ակնթարթները կարող են լինել տարբեր։ Կլինեն օրեր, որ քեզ շատ լավ կզգաս, կլինի նաև հակառակը, բայց հիշի՛ր՝ ամեն իրավիճակում Աստված բարի է։
Այսպիսով՝ հիշի՛ր՝
Երբ դու ուրախ ես, փառաբանի՛ր Աստծուն։
Երբ դու տխուր ես, արի՛ Նրա առջև։
Երբ օրհնված ես, շնորհակալ եղի՛ր Նրան։
Ամենից առաջ հիշի՛ր, որ դու Նրա զավակն ես, և չկա որևէ բան, ինչից Նա տեղյակ չէ, և Նա ամենակարող է և կարող է քեզ հանել ցանկացած դժվարության միջից։
Երբ կյանքը հիասքանչ է, երբ ոչ մի խնդիր չկա, մենք մեզ լավ ենք զգում։ Բայց երբ խնդիրներ են լինում, սկսում ենք հուսալքվել, կասկածել. մտածում ենք, որ Աստված լքել է մեզ, չի պատասխանում մեր աղոթքներին։ Բայց դա այդպես չէ։ Մենք պետք է կարողանանք ապավինել Աստծուն ամեն ժամանակ։
Աստված խոստացել է մեզ, որ չի լքի և Իր երեսից չի ձգի։ Նա խոստացել է, որ մենք Իրենն ենք, և այդ խոստումը փոփոխման ենթակա չէ։
Խնդրում եմ շունչ քաշի՛ր, կարդա՛ Նրա խոսքը և հիշի՛ր Նրա զորության և ճշմարտության մասին։
Հիշի՛ր՝ ինչի միջով էլ անցնես, ինչ էլ արած լինես, ինչ էլ քո մասին մարդիկ մտածեն, քո երկնային տունն Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ դու փրկված ես, ու Աստված միշտ քեզ հետ է։
Հեղինակ՝ Մարիսա Դոնելլի
Աղբյուրը՝ thoughtcatalog.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը