Հուսահատություն և լույս Բեյրութի ավերակների մեջ. Հովիվ Լիբանանից
«Ո՛վ ՏԵՐ, մինչև ե՞րբ ես ինձ մոռանալու, հավիտյա՞ն. մինչև ե՞րբ ես Քո երեսն ինձնից ծածկելու։ Մինչև ե՞րբ եմ հոգուս մեջ խռովվելու՝ ամեն օր սրտիս մեջ տրտմություն ունենալով. մինչև ե՞րբ է թշնամիս վրաս բարձրանալու»։ Սաղմոս 13.1,2
Անցյալ կիրակի եկեղեցին առաջնորդեցի Սաղմոս 13-ի աղոթքով։ Այս խոսքերն իմ սրտում հնչեցին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո՝ «Ո՛վ ՏԵՐ, մինչև ե՞րբ ես ինձ մոռանալու»։
Այսօր դա իմ քաղաքի աղաղակն է։ Լիբանանն իրեն մոռացված և անհույս է զգում։ Մարդիկ լքված ու անիծված են զգում, որովհետև Լիբանանը վերջին ամիսներին ծանր վիճակում էր, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հենց հիմա կարող էր նման բան պատահել։ Այս սարսափելի միջադեպն երկրում եղած միակ խնդիրը չէր։ Բացի տնտեսական ճգնաժամից երկիրը նաև գտնվում էր կոռումպացված կառավարության դեմ հեղափոխական տրամադրության ներքո։ Գյուղերում սով էր, հսկայական հրդեհներ, ինչպես նաև Covid-19, իսկ պայթյունի արդյունքում ոչնչացավ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գլխավոր նավահանգիստը։
Բառերը չեն բավականեցնում նկարագրելու, թե որքա՜ն մեծ հուսահատություն, ցավ և զայրույթ են զգում մարդիկ։ Այնքա՜ն շատ մարդ է մահացել, հազարավորները՝ վիրավորվել, շատերն էլ մի ակնթարթում անօթևան են դարձել։ Իմ սիրտը վշտացած է իմ քաղաքի համար, քանի որ նրանք զգում են այս ցավը՝ իրական հույս չունենալով կենդանի Աստծո վրա։
Աստծո ողորմածությունը
Մեր եկեղեցու շենքը մոտ էր պայթյունին՝ ընդամենը 4 մղոն հեռավորության վրա։ Այն փլվել էր։ Ես և եկեղեցու մի քանի անդամ գնացել էինք այնտեղ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք փրկել։ Ամբողջ թաղամասերն ավերվել էին, տարածքը նմանվել էր պատերազմի գոտու։
Ինձ համար դժվար է արտահայտել, թե ինչ է կատարվում իմ սրտում և մտքում։ Հենց հիմա ես Աստծո ներկայության ուժեղ զգացողություն ունեմ՝ չնայած նրան, որ շատ անպատասխան հարցեր կան։ Ես շարունակում եմ մտածել եկեղեցու շենքի փլուզման մասին և նրա, որ Աստծո ողորմությամբ, պայթյունը տեղի չի ունեցել կիրակնօրյա ծառայության ընթացքում։ Մեր եկեղեցու անդամներից ոչ մեկը ծանր վնասվածք չի ստացել։
Պայթյունի պահին ես և իմ ընտանիքը Բեյրութում չէինք։ Մի քանի ժամ առաջ սարեր էինք գնացել՝ մեր ամուսնության տարեդարձը նշելու։ Եվ գտնվելով 60 մղոն հեռավորության վրա՝ այնուամենայնիվ, լսել ենք ձայնը։ Դա Աստծո ողորմածությունն էր մեր հանդեպ։ Ես հիշում եմ, որ երբ նոր էինք Բեյրութ տեղափոխվել, որքան էլ գեղեցիկ էր Բեյրութը, նրան միշտ տանջում էին ցավն ու տառապանքը։ Եվ ես հիշում եմ, որ աղոթում էի այդ ժամանակ. «Տե՛ր, որտեղի՞ց սկսենք։ Շատ բան կա անելու»։ Եվ ես հիմա էլ նույն հարցն եմ տալիս։
Աղոթե՛ք մեզ հետ և մեզ համար
Օգնության կարիքը մեծ է, վերակառուցելու շատ բաներ կան, շատ ընտանիքներ երկարատև աջակցության կարիք ունեն։ Բայց ես հավատում եմ (ինչպես այն ժամանակ, երբ բարձրացրի եկեղեցին), որ Բեյրութի մեծագույն ուժը կայուն տնտեսության և ազնիվ քաղաքական գործիչների մեջ չէ, այլ՝ արյունով փրկված հավատացյալների, ովքեր իրենց վրա կրում են Ավետարանի հույսն ու զորությունը։ Եվ մենք աղոթում և հավատում ենք, որ Լիբանանում գտնվող Հիսուս Քրիստոսի եկեղեցին այս խավարի և ավերածության մեջ շողացող լույս կլինի։ Խնդրում եմ՝ աղոթե՛ք մեզ հետ, որովհետև բերքը շատ է, իսկ մշակները՝ քիչ։ Աղոթե՛ք եկեղեցիների իմաստության համար, որոնք մոբիլիզացվում են օգնության համար։ Աղոթե՛ք, որ Քրիստոսի զորությունը երևա մեր տկարության մեջ։ Աղոթե՛ք, որ այս աներևակայելի անկայուն իրավիճակում մենք ամուր պահենք Ավետարանը։ Աղոթե՛ք, որ կորածները վերադառնան Աստծուն, որպեսզի Նա բավարարի նրանց գլխավոր կարիքը։ Եվ հավատացե՛ք մեզ հետ, որ ո՛չ տնտեսական ճգնաժամը, ո՛չ պայթյունը, ո՛չ էլ կործանումը չեն կարող խոչընդոտել Թագավոր Հիսուսին կառուցել իր եկեղեցին։
Հեղինակ՝ Մարվան Աբուլ-Զելոֆ, Բեյրութի «Քաղաքային Ավետարան» եկեղեցու հովիվ
Աղբյուրը՝ ieshua.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը