Աստված, որ վերականգնում է կորցրած տարիները
«Եվ Ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ մորեխը կերավ...»: Հովել 2.25:
Դու կորցրե՞լ ես տարիներ մինչ ապաշխարելը և ամեն բան Հիսուսին հանձնելը: Հնարավոր է՝ դու մտածում ես. «Ես Քրիստոսի մեջ ավելի պիտի խորանայի: Ես ավելի շատ պետք է ուրախացնեի Նրա սիրտը: Ես երբեք չեմ կարողանա շտկել այդ անցած տարիների կորուստը»:
Մենք բոլորս ենք ուզում Աստծո առաջ շտկել մեր անցած տարիները, փոփոխություններ անել և վարձահատույց լինել Նրան: Բայց Նա ասում է. «Դու չես կարող վարձահատույց լինել Ինձ քո կորցրած գեթ մեկ ժամի համար, ուրեմն՝ քայլի՛ր Իմ առջև արդարությամբ և հակառակ կանգնի՛ր մեղքին: Ես կվերականգնեմ բոլոր կորուստները՝ անկախ նրանից, թե դրանք քոնն են, քո ընտանիքինը կամ ուրիշներինը»:
Ապաշխարող մեղավորներին Տերը հայտարարում է. «Մի՛ վախեցիր... ցնծա՛ և ուրախացի՛ր, քանզի Տերը մեծ գործեր է անելու»: Հովել 2.21:
Դու չպետք է ամաչես քո կորցրած տարիների համար: Դու ծնվել ես Նրա հավիտենական ծրագրի համար: Նա քեզ համար ծրագրավորել է մի կյանք, որտեղ դու կլինես բավարարված, ուրախ և Իր արքայությանը պիտանի: Բայց Աստծո ծրագիրը ընդհատվեց, երբ դու շեղվեցիր Նրանից: Բայց հիմա Քրիստոսի մեջ ամեն բան նոր է: Տերը վերադառնում է այն օրվան, երբ մորեխը եկավ և սկսում հաշվարկն այն պահից, որ ապաշխարեցիր: Բոլոր այն օրհնությունները, որ բաց ես թողել, վերականգնված էին, և ամբողջ ուրախությունն ու խաղաղությունը, որ մտածում էիր՝ հավիտյան կորցրել ես, իրականում պահված էին Տիրոջ մեջ:
Պողոսն ասում է. «...ետևում մնացածները մոռացած՝ առջևում եղածներին եմ ձգտում: Դեպի նպատակակետն եմ վազում Հիսուս Քրիստոսով Աստծո բարձր կոչման մրցանակի համար»: Փիլիպեցիս 3.13-14:
Հնարավոր է՝ ցավ ես ապրում կորցրածդ տարիների համար, և հիշողությունները քեզ գերի են պահում, բայց Աստծո աչքերում քո անցյալը մեռած է: Քո սիրելի Հայրն ասում է. «Մոռացի՛ր անցյալը և առաջ շարժվի՛ր դեպի այն, ինչ խոստացել եմ քեզ»:
Աղբյուրը՝ sermonindex.net
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը