Ո՞վ է քրիստոնյան․․․ Դավիթ Թորոսյան
«Քրիստոնյա» անունը քսան դար է` շատ փորձությունների ու շահարկումների է ենթարկվել: Մինչև այսօր էլ շատերը այս անվան հետ կռիվ են տալիս։ Ինչքան էլ այն հին լինի ու «տիեզերական», դեռ մաքառում է, տոկում է, համբերում, հալածվում, ազդում, օրհնում ու հույս է տալիս, նաև հաղթում է:
Ոմանք, հանուն Քրիստոսի և Նրա հանդեպ ունեցած հավատքի, իրենց կյանքը տվեցին, մարտիրոսվեցին, նույնիսկ ազգովի պայքարի ելան իրենցից ուժեղների դեմ:
Մենք՝ հայերս, պահպանել ենք Քրիստոսի հանդեպ հավատքը թե՛ պարսիկ զրադաշտների, թե՛ իսլամ արաբների, թե՛ օսման թուրքերի իշխանության տակ։ Սիրել ու պահպանել ենք Աստվածաշունչ մատյանը՝ հակառակ զրկանքների, աքսորների, ջարդերի ու արյունահեղության: Այդ պատճառով էլ նորից դիմում ենք Աստվածաշնչին ու նրանից էլ պատասխաններ ստանում այս հարցի համար՝ «Ո՞վ է քրիստոնյան»:
Հատկանշական է, որ այսօր «քրիստոնյա» եզրույթն ավելի շատ է օգտագործվում, քան Աստվածաշնչում է օգտագործվել։
Քրիստոսնյա բառին Սուրբ Գրքում հանդիպում ենք ընդամենը երեք անգամ (Գործք 11։26, Գործք 26.28, Ա Պետրոս 4.16):
1․ Ովքե՞ր և ե՞րբ կոչվեցին «քրիստոնյաներ»։
Գործք Առաքելոց գրքում (11.19-26) տեսնում ենք, որ քրիստոնյաներ անվանվեցին աշակերտները։
Ստեփանոսի քարկոծումից հետո Հրեաստանից դուրս եկավ մեծաքանակ բազմություն, որ տարածվեց տարբեր վայրերում։ Նրանցից շատերը հաստատվեցին Կիպրոսում, Փյունիկեում և Անտիոքում։ Նրանք քարոզում էին Ավետարանի բարի լուրը, սակայն միայն նրանց, ովքեր ազգությամբ հրեա էին։
Հետաքրքրական է, որ Կիպրոսում և Փյունիկեում ապրող այլազգի հեթանոսները (այլ ոչ թե հրեաները), լսելով Աստծո խոսքը, գնացին Անտիոք՝ քարոզելու Քրիստոսի մահվան և հարության լուրը հույներին․ «Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, երբ եկան Անտիոք խոսում էին հույների հետ՝ քարոզելով Տեր Հիսուսին» (Գործք 11.20):
Եվ քանի որ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, բազմաթիվ մարդիկ հավատացին և Տիրոջը դարձան (Գործք 11.21):
Այս մասին լուրը հասավ Երուսաղեմում հաստատված առաքյալներին, և նրանք Անտիոք ուղարկեցին Բառնաբասին։ Բառնաբասն իր հերթին, տեսնելով այդ մեծ օրհնությունը, ուրախացավ և շտապեց Տարսոն՝ Սողոսին փնտրելու, և երբ նրան գտավ, բերեց Անտիոք։
Պողոսն ու Բառնաբասը շուրջ մեկ տարի ուսուցանեցին և սովորեցրին այդ ժողովրդին. «Եվ այսպես եղավ, որ նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցու հետ և շատ ժողովրդի էին սովորեցնում», և այսպես «առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները քրիստոնյա անվանվեցին» (Գործք 11.26)։