Ի՞նչ է Ավետարանը՝ հավատք առ Քրիստոս, Նրա ավարտուն գործը, բայց ոչ ուղղակի ավարտված գործ՝ ի դեմս հարություն առած Աստծո Որդու: Քրիստոնեությունը ուղղակի համաշխարհային կրոն չէ: Աստծուն փորձառելու լավագույն տարբերակը հավատքն է՝ գիտակցելով, թե ով է Հիսուս Քրիստոսը և թե ինչ է Նա արել: Դա պարզապես հավատք չէ, որ Նա ինչ-որ բան է արել 2000 տարի առաջ: Դա հավատք է, որ Նա կենդանի է հենց հիմա և որ Նա կդառնա կենդանի իմ սրտի և մտքի մեջ, եթե ես վստահեմ Նրան և քայլեմ Նրա հետ:

Գիտե՞ք, թե ինչ է ասում Պողոսը Հռոմեացիների թղթի 10-րդ գլխում: Նա ասում է՝ եթե մենք մեր բերանով Տեր Հիսուսին դավանենք և մեր սրտում հավատանք, թե… թե ի՞նչ: Թե Աստված խաչե՞ց Նրան, ո'չ, այդպես չի ասում: Թե Նա մահացա՞վ խաչի վրա, ո'չ, նա այդպես  չի ասում, թե մենք կարո՞ղ ենք Նրան հրավիրել մեր սրտերի մեջ, ո'չ, այդպես էլ չի ասում: Այլ ասում է՝ թե Աստված Նրան հարություն տվեց մեռելներից, պիտի փրկվես: Այլ խոսքերում Պողոսը ասում է, որ մենք գործ ունենք կենդանի Քրիստոսի հետ, այլ ոչ մեռած գաղափարի: Մենք գործ չունենք ուղղակի պատմական փաստարկի հետ, չնայած որ այն պատմականորեն հաստատված է: Դուք գործ ունեք կենդանի Քրիստոսի հետ: Բարի լուրը՝ Ավետարանը, ասում է, որ փրկությունը գալիս է Քրիստոսի հավատով:

Ընկերնե՛ր, իրական ապաշխարությունը գալիս է, երբ դու քեզ տեսնում ես հիվանդ, հիվանդ քո սեփական ջանքերից: Դուք ցանկանո՞ւմ եք փոխվել: Ես ատում եմ մեղքը, ատում եմ, թե ով եմ. ես ուզում եմ թողնել այս ամենը, ես ուզում եմ դադարել երկակի կյանք վարելը, ես չեմ ուզում ուրիշը լինել եկեղեցում, մեկ ուրիշը՝ դպրոցում, աշխատավայրում, մեկ ուրիշը՝ կյանքիս այլ վայրում, այլ ես ուզում եմ լինել իրական: Օ՛հ, Աստվա'ծ իմ, օգնի՜ր ինձ:

Եվ ապաշխարությունը սկսում է գործ անել քո կյանքում և սկսում է գործել Սուրբ Հոգին, և Նա ճիշտ պահին քեզ ուղղորդում է դեպի Փրկիչը՝ հարուցյալ Քրիստոսը, Ով մահացավ մեր մեղքերի համար և Ում Աստված հարություն տվեց մեռելներից և Ով տերերի Տեր է հավիտյան: Սա բարի լուր է, սա բարի լուր է: Եվ երբ մարդը գալիս է մի տեղ, որտեղ իրեն տեսնում է կորսված և Փրկչի կարիքն է ունենում, ահա դա հենց այն վայրն է, որտեղ նա կարող է փրկվել: Դուք կարող եք կարդալ բոլոր բրոշուրները, նշումներ անել, օրվա մեջ հազար անգամ Հիսուսին կանչել ձեր կյանք, մեղավորի աղոթք անել հոգնելու չափ, բայց այդ ամենը չի աշխատի, մինչ Աստված սկսի գործելը:

Չեմ ցանկանա ձեզ ծանրաբեռնել այն կեղտոտ աղբով, որի մեջ ներգրաված էի իմ պատանեկության շրջանում՝ ավագ դպրոցում: Բայց մի օր Ավետարանի քարոզի ժամանակ մի բան եկավ իմ սրտի մեջ, մի ցանկություն առաջացավ այնտեղ՝ փոխվել: Այն, ինչ այդ պահին կպավ իմ սրտին, կապ չուներ կրոնական փոփոխության հետ: Դա հետևյալն էր՝  ինչ-որ բան սխալ է քո մեջ: Եվ դա այնպիսի բան չէր, որ ինչ-որ բան սխալ է, և դրա համար մարդիկ չեն սիրում քեզ, այլ ավելի խորը բան էր, ավելի արմատական բան, որը սխալ է իմ մեջ: Այդ պահին ես իմ մտքում որոշում էի թողնել բաներ, բայց չէի կարողանում, որոշում էի, որ սկսեմ անել բաներ, բայց նորից չէի կարողանում հավատարիմ մնալ դրանց: Քարոզիչը շարունակում էր քարոզել Ավետարանը, և ահա այս հատվածը. «Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է՝ նա նոր արարած է: Հներն անցան և ահա ամեն բան նոր եղավ»: Բ Կորթ. 5.17:

Եվ նա ուղիղ ինձ վրա էր նայում և ինձ ցույց տալիս, և ես մտածեցի ու ասացի. «Եթե դու իսկապես փրկված ես, ապա դու չես կարող ապրել այն կյանքով, որով ապրում էիր նախկինում»: Եվ Սուրբ Հոգին շարունակեց այդ պատգամը դնել իմ սրտում: Ես պարզեցի, որ չնայած ութ տարեկանում ընտրել էի հավատքի մասնագիտությունը, չնայած մկրտվել էի, չնայած եկեղեցու անդամ էի, այնուհանդերձ կորսված եմ Սուրբ Աստծո առջև, և ես կարիք ունեի փրկվելու: Ես չգիտեի՝ ինչպես դա անել, ոչի՛նչ չգիտեի, չգիտեի Քրիստոսի հավատքի մասին:

Ես գնացի հովվի մոտ, և նա ինձ ուղորդեց դեպի Հիսուսը: Եվ ես ցանկանում եմ այս ասել ձեզ, այդ գիշերը ես հավատացի իմ սրտով, հենց այնպես, ինչպես ասում է Պողոսը, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից, և Նա կենդանի է: Աստված փոխեց իմ սիրտը և փրկեց ինձ: Ուրեմն՝ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է: Հներն անցան և ահա ամեն բան նոր եղավ:

Հեղինակ՝ Մայք Մորոու
Աղբյուր՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.