Ծոմապահության ուժը. Արտավազդ Թադևոսյան
Մատթ. 6.16-18 - «Եվ երբ որ ծոմ եք պահում, տրտում մի՛ լինիք ինչպես կեղծավորները... Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծիր և երեսդ լվա. Որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո Հորը՝ որ ծածուկումն է. և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ»։
«Յուրաքանչյուրը կարող է հրաշքներ գործել, յուրաքանչյուրը կարող են հասնել իրենց նպատակներին, եթե նրանք ընդունակ են մտածելու, սպասելու և ծոմ պահելու» Հերմանն Հեսե:
Ի՞նչ է ծոմապահությունը. այն աղոթքի տեսակ է, որի ժամանակ դու քեզ զրկում ես ինչ-որ բաներից, որոնք հանդիսանում են քո սնունդը, զբաղմունքը, և ավելի գնում ես աղոթքի և Աստծո հետ ժամանակ անցկացնելու։
Երբ մարդ հրաժարվում է իր զորության աղբյուրից, որը սնունդն է, դրանով մենք ընդունում ենք մեր անկարողությունը և ասում՝ «Տե՛ր, Դու միջամտիր, Դու լուծիր այս խնդիրը. մենք անգամ հրաժարվում ենք մեր մարմինները զորացնող միջոցից՝ ցույց տալով, որ մենք չենք կարող և Քեզ ենք ապավինում»։
Ծոմապահությունը, բացի այն, որ հոգևոր և մարմնավոր խնդիրներ է լուծում, նաև հանդիսանում է խոնարհեցման միջոց։ Ծոմապահությունը քրիստոնեական կարգապահության ամենաուժեղ ճանապարհն է:
Այն նաև պայքար և պատերազմի հարթակ է հակառակորդի, հին մարդու և աշխարհի հետ։
Կան ծոմի տարբեր տեսակներ.
* Ամբողջական ծոմ՝ հրաժարվել հացից և ջրից։
* Օգտագործել միայն ջուր։
* «Պաս»՝ հրաժարվել յուղալի կերակուրներից, մսից, հացից, քաղցրից և ամեն տեսակ հեղուկից՝ բացի ջրից:
* Վերջին շրջանում ծոմի տեսակ է համարվում նաև հրաժարվելը որևէ սիրած բանից կամ զբաղմունքից։ Հիմնականում այս ծոմի տեսակը բացատրվում է հենց այդ բաներից որպես ժամանակավոր հրաժարում:
Ժամանակ – սա անհատի անձնական որոշելիք հարցն է, թե քանի ժամ, օր կցանկանա և կկարողանա մնալ ծոմի մեջ՝ լուսաբացից մինչև կեսօր, լուսաբացից մինչև արևամուտ, արևածագից մինչև հաջորդ արևածագ, 3 օրյա ծոմ, 21 օրյա ծոմ…
Ծոմապահությունը նպաստում է.
1. Որ մենք Աստծո ներկայությամբ լցվենք. այն միջոց է՝ վերականգնելու Նրա հետ մեր ունեցած փոխհարաբերությունը: Ծոմը օգնում է Սուրբ Հոգուն՝ ցույց տալ մեզ մեր իրական կարգավիճակը:
Ա Թագ. 7.3 - «Այն ժամանակ Սամուէլն Իսրայելի բոլոր տան հետ խոսեց ասելով. Եթե դուք ձեր բոլոր սրտովը դարձել եք Տիրոջը, ձեր միջից հեռացրեք օտար աստվածները և Աստարովթը, և ձեր սրտերը պատրաստեցեք Տիրոջ համար, և միայն նրան պաշտեցեք. Եվ նա կազատի ձեզ Փղշտացիների ձեռքից»։
Հովել 1.14 - «Ծոմապահության օր որոշեցեք, հանդես կանչեցէք. ժողովեցեք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տեր Աստծոյ տունը և աղաղակեցեք Տիրոջը»։
Հովել 2.28-29 - «Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրայ, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Եվ ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին»։
Կոռնելիոսն Աստծուց պատասխան ստացավ և հետագայում լցվեց Սուրբ Հոգով:
Գործք 10.30-31 - «Եվ Կոռնելիոսը ասաց. Չորս օրից առաջ մինչև այս ժամը՝ ծոմ էի պահում և՝ իններորդ ժամին իմ տան մէջ աղոթք էի անում, և ահա մի մարդ կանգնեց իմ առաջին սպիտակ հանդերձներով, և ասեց. Կոռնելիոս, քո աղոթքը լսվեց, և քո ողորմությունները հիշվեցին Աստծո առաջ»։
Մովսեսը կարողացավ 40 օր Սինա լեռան վրա մնալ առանց ուտելու և խմելու, նա վայելում էր Աստծո ներկայությունը և ստացավ մարդկության համար այդքան կարևոր 10 պատվիրանները։
2. Ծոմը օգնում է մեզ փոխել պատմության ընթացքը.
Բ Մնաց. 7.14- «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»։
Նինվե քաղաքի 120.000 բնակիչները փրկվեցին, ապաշխարեցին, ծոմ և աղոթք արեցին:
Հովնան 3.5,10 - «Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն, և ծոմ հրատարակեցին և քուրձեր հագան մեծերից մինչև պզտիկները։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, և Աստված զղջաց այն չարյաց մասին, որ ասել էր, թե պիտի անի նրանց, և չարավ»։
Միայն 200 տարի հետո կործանվեց Նինվե քաղաքը:
Եսթեր թագուհին 3 օրյա ծոմի կոչ արեց հրեաներին, որը փրկեց նրանց կործանումից:
Եսթեր 4.16-17 - «Գնա ժողովիր Շուշանում գտնվող բոլոր Հրեաներին, և ծոմ պահեցեք ինձ համար, և երեք օր գիշեր և ցերեկ ոչ կերէք և ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու, և այնուհետև թագավորի մոտ պիտի գնամ թեև օրէնք չէ, և եթե կմեռնեմ թող մեռնեմ։ Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այն ամենին համեմատ արավ, որ Եսթերն իրան պատվիրել էր»։
Դանիելը ծոմ պահեց իր և ժողովրդի մեղքի և ապաշխարության համար.
Դան. 4.20 - «Եվ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի Իսրայելի մեղքը և իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տեր Աստծո առաջին իմ Աստծո սուրբ սարի համար»:
3. Նպաստում է, որ մենք լինենք ազատ ամեն մեղքերից, կապանքներից, բռնվածություններից, դիվական աշխարհից.
Եբր. 12.1 - «Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմություն ունինք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն, և մեզ դյուրավ պաշարող մեղքը. Եվ համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»:
Դան. 9.20 - «Եվ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի Իսրայելի մեղքը և իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տեր Աստծո առաջին իմ Աստծո սուրբ սարի համար»:
Առաջացնում է մեր մեջ մեղքի գիտակցություն և տանում է ապաշխարության։
Կան բաներ, սատանայի կողմից բռնվածություններ, որ միայն ծոմով է լուծվում:
Մարկ. 9.28 - «Եվ նա ասաց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով»։
Ծոմապահությունը պետք է ազատություն բերի:
Ես. 58.6 - «Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. Լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եվ ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեցեք»։
4. Նպաստում է, որ իմանանք Աստծո կամքը, ունենանք պատասխան անելանելի իրավիճակներում։ Դանիելը 21 օր ծոմի մեջ էր, և Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ասաց.
Դան. 10.12,14 - «Եվ նա ինձ ասաց. Մի վախենա, ով Դանիել, որովհետև այն առաջի օրիցը որ սիրտ տվիր հասկանալու, և քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են, և ես եկա քո խոսքերի համար։ Եվ ես եկա քեզ հասկացնելու թե ինչ պիտի պատահի քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետև տեսիլքը տակավին այն օրերի համար է»։
Պողոսը 3 օր ոչինչ չկերավ, մինչև Անանիան եկավ և աղոթեց իր համար:
Գործք 13.2 - «Սրանք երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցանում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որ ես դրանց կանչել եմ»։
5. Նպաստում է, որ մեր գործի կամ ծառայության մեջ արդյունավետ լինենք։ Ծառայության դուրս գալուց առաջ Հիսուսը, Պողոս և Բառնաբասը ծոմ պահեցին.
Գործք 13.3 - «Այն ժամանակ ծոմ պահեցին և աղոթք արին, նրանց վրա ձեռք դրին՝ արձակեցին»։
Ծառայության մեջ՝ Ղուկ. 2.37 «Եւ ութսուն և չորս տարվա չափ որբևայրի էր, որ տաճարից չէր հեռանում. Ծոմերով եւ աղոթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն»։
Հովհաննես Մկրտիչն իր աշակերտների հետ հաճախ էր ծոմ պահում, այդ իսկ պատճառով նրան սիրում և լսում էին։
6. Ծոմապահությունը օգնում է մեզ, երբ սթրեսների, վախերի և տագնապի մեջ ենք։ Եղիային Աստված հաց տվեց, նա կերավ և 40 օր առանց որևէ բան ուտելու ճամփա գնաց:
Ծոմապահությունը հզոր աղոթքի տեսակ է, որին Աստված հավանում է. այդ ժամանակ է, որ ամբողջությամբ խոստովանում ենք Աստծուն, որ մենք Իրենից կախում ունենք և մարդկորեն ոչինչ անել չենք կարող։