Ծոմապահությունը բերում է փոփոխությունների քամի
Հիսուսն ու Մովսեսը սկսեցին իրենց երկրային ծառայությունը 40 օր Աստծո հետ անապատում առանձնանալով: Աղոթքի ու ծոմի այդ «անապատային տեսարանները» լռության մեջ առանձնացում էին: Ինձ համար նման պահերը առանձնահատուկ շրջան են Աստծո հետ հոգևոր ընթացքի մեջ:
Սկսած անցյալ ամառվանից՝ ես զգում էի, որ Աստված ինձ մեղմ հուշում էր ծոմի ու աղոթքի 40 օրերի մասին: Բայց ես ամեն կերպ փորձում էի չլսել Նրա մեղմ շշունջը՝ բավական հասկանալի պատճառներով:
Եվ իմ ծոմն այս անգամ մեկ նպատակ ուներ՝ հասկանալ Աստծո կամքն իմ կյանքում և հետևել այդ կամքին:
Ծոմ՝ վերադարձի համար
«Հիշեցի քեզ համար քո երիտասարդության քաղցրությունը, քո հարսնության սերը, քո իմ հետևից գալը անապատի մեջ՝ այն չսերմված երկրումը» (Երեմիա 2.2):
Հետաքրքիր է, որ Իսրայելի պատմության մեջ Աստված չի հիշում խոստացված երկիր գալը կամ Դավթի ու Սողոմոնի թագավորության ոսկի տարիները: Ո՛չ, Աստված հիշում է սկիզբը, երբ ժողովուրդը լիովին ապավինում էր Իրեն անապատում:
Հենց դրան է Աստված կամենում վերադառնալ մեզ հետ Իր հարաբերություններում: Շատերս կհիշենք մեր հարաբերությունները Քրիստոսի հետ այդ փուլում. կար ցավ, բայց կար մտերմություն, կար քաոս, բայց ամեն բան նոր էր, իրական ու գեղեցիկ:
Ես հիշում եմ իմ կյանքում այդ ժամանակը, ես խորանում էի Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ ոչ թե մի հերթական քննության պատրաստվելու համար, այլ գտնելու ճշմարտությունը, որն ինձ ազատ կարձակեր: Ես չեմ կարող ազատվել այն զգացումից, որ այդ «առաջին սիրո» անապատը իմ սիրելի ժամանակն էր, և ուզում եմ վերադառնալ…
Ես 10 տարի շարունակ աղոթում էի այնտեղ վերադառնալու համար, որ կրկին ականջ դնեմ Հիսուսի զգուշացմանը Հայտնություն Գրքի 2-րդ գլխում. «Զղջա և առաջի գործերն արա»:
Հենց դրա համար էի ես աղոթում վերջին 10 տարիներին, իսկ անցյալ տարի Աստված ինձ հայտնեց, որ իմ «վերադարձը» կլինի միայն ծոմի միջոցով:
Ծոմ՝ մտերմության համար
Հաճախ մենք եկեղեցում խոսում ենք սրբության մասին, բայց ոչ հաճախ ցանկանում տեսնել, որ Աստված ունի իր պատճառները մեզ սրբության մեջ տանելու համար:
Աստված ստեղծել է նախասահմանություն, բայց որպեսզի մենք այդ նախասահմանությամբ փոխենք մեր շուրջը, պետք է նախ մենք փոխվենք:
Աստված ինձ ցույց տվեց, թե որտեղ էի ես գնում փոխզիջումների:
Երբ մենք ազատվում ենք մեր կյանքում եղող փոխզիջումներից, որպես պարգևատրում՝ ստանում ենք մտերմություն: Տերը մեր սրբությունն է ցանկանում, որ մեզ մոտեցնի Իրեն: Աստված ատում է մեղքը, ոչ որովհետև վրեժխնդիր է, այլ որովհետև մեղքն է բաժանողը իր զավակներին՝ Իրենից:
Անապատը անհրաժեշտ է պատրաստության համար: Ե՛վ Մովսեսը, և՛ Հիսուսը անապատ դուրս եկան՝ պատրաստվելու երկրի վրա իրենց կոչման կատարմանը:
Ծոմը բերում է փոփոխությունների քամի, և անապատը բերում է վերանորոգված կարողություն՝ Աստծուն ապավինելու այնպես, ինչպես նախկինում չգիտեինք:
Երբ մենք խորհում ենք մեր երազանքների ու նպատակների կատարման մասին, հաճախ մոռանում ենք Հովհաննեսի 15-րդ գլխում Հիսուսի ասած խոսքերը՝ առանց Նրա ոչինչ չենք կարող:
Երբ մի բանից, անգամ ուտելիքից, հրաժարվում ենք Աստծո համար, մենք ասում ենք դրանով. «Դու ինձ ավելի ես պետք, քան մեկ այլ բան»:
Այդ խոնարհությունը մեր սրտերը մոտեցնում է Աստծուն, և մենք ողջ սրտով գալիս ենք Նրան ապավինելու:
Աղբյուրը՝ CrossNews.am
Լևի Քարտեր